Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՏՐԱՆՔ

Քաղաքականություն

Վերջերս «Նոր Ժամանակներ» կուսակցությունը պատրաստվում էր հանրահավաք կազմակերպել եւ այդ մասին, ինչպես պահանջում է օրենքը, իրազեկեց Երեւանի քաղաքապետարանին: Քաղաքապետարանը, սակայն, արգելեց հանրահավաքի կազմակերպումը անհեթեթ պատճառաբանությամբ. Կիեւյան կամուրջը փակ է:

Օրենքում գրված «իրազեկում» սահմանումը չի նշանակում թույլատրել կամ արգելել, կարծում են «Նոր Ժամանակներ»-ում: «Ոչ թե անհեթեթ, այլ անտրամաբանական է գործող օրենքը: Ամեն ինչի, նաեւ` օրենքների մեջ պետք է տրամաբանություն եւ հստակություն լինի: Իսկ այդ ամենը չկա»,- ասում է ՆԺԿ քաղաքական քարտուղար Էդուարդ Գրիգորյանը. «Խնդիրն այն է, որ Սահմանադրությամբ լինի, թե օրենքով, հստակություն է պետք, որ մարդիկ իմանան ինչ, որտեղ եւ երբ: Կանոնակարգումները պետք է լինեն հստակ, համենայն դեպս պետք է քննարկվեն դրանք եւ ընդունվեն փոխադարձ համաձայնությամբ, որովհետեւ առանց համաձայնության ոչինչ հնարավոր չէ»: Հստակեցում ասելով` կուսակցությունում նկատի ունեն օրինակ այն, որ օրենքը պետք է նաեւ բացատրի, թե ինչու կոնկրետ վայրերում արգելվում է հանրահավաք կազմակերպելը: «Այսինքն՝ եթե գրված է, որ արգելվում է Ատոմակայնի մոտ հանրահավաքներ անցկացնելը, դա հասկանալի է, բայց եթե ասենք` Օպերայի հրապարակում է արգելվում՝ տրամաբանությունից դուրս է: Կամ եթե մարդիկ բան ունեն ասելու եւ արգելվում է գալ Կառավարության շենքի դիմաց, ի՞նչ ստրատեգիական օբյեկտ է դա»,- տարակուսում է Էդուարդ Գրիգորյանը: Ամեն դեպքում «Նոր Ժամանակներ»-ում կարծում են, որ երթերի եւ ցույցերի իրավունքը բացի Սահմանադրությունից պետք է կարգավորվի նաեւ հատուկ օրենքով, բայց նրանով չէ, որն այսօր գործում է Հայաստանում: Օրենքի բարելավումից նույնպես կուսակցությունում սպասելիքներ չունեն:

Կոմունիստներն ընդհակառակը, համարում են, որ բողոքի ձայն բարձրացնելու` քաղաքացու իրավունքը պետք է լինի բացարձակ, այսինքն՝ ամրագրվի միայն Սահմանադրությամբ: «Երկրի համար սա բավարար կլինի, եթե երկիրը լուծի ժողովրդին հուզող հարցերը»,- ասում է Հայկոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը: Նրա համոզմամբ, սակայն այսօր Հայաստանում այնքան շատ խնդիրներ կան, որ եթե ինչ-որ կերպ այդ իրավունքը չկանոնակարգվի, ապա ողջ ժողովուրդն ամբողջ օրը զբաղված կլինի երթեր եւ ցույցեր անելով. «Այսօր մարդուց խլված են տարրական իրավունքները` զուգարանի իրավունքից մինչեւ ընտրության իրավունքը: Վճարեցիր` կարող ես օգտվել, չվճարեցիր` չես կարող օգտվել»:

Ըստ կոմունիստների, որքան էլ տվյալ իրավունքը կանոնակարգվի օրենքով, մի բան ակնհայտ է, ոչինչ չի կարող գերակա լինել Սահմանադրությունից, իսկ այնտեղ քաղաքացու իրավունքը հստակ գրված է: «Քաղաքապետարանն ի՞նչ իրավունք ունի արգելելու կամ չարգելելու: Կա Սահմանադրություն, ես շարժվում եմ Սահմանադրությամբ, իրավունք ունեմ արդեն: Քաղաքապետարանն ո՞վ է, որ Սահմանադրությանն ասի այո կամ ոչ: Եթե հանրահավաքի մասնակիցը մի ձեռքում պահի Սահմանադրությունը, մյուս ձեռքում` իր պահանջը, ո՞վ իրավունք ունի նրա վրա ձեռք բարձրացնել»,- ասում է Ռուբեն Թովմասյանը:

Այնուամենայնիվ, մի բան ակնհայտ է. գործող օրենքը Հանրապետությունում ստեղծում է իրավունքի պատրանք: «Փաստորեն ժողովրդին լսող չկա: Ժողովուրդը չգիտի` իր կարծիքը որտեղ արտահայտի: Ընդունենք, որ կարգավորված է օրենքով, ընդունենք, որ չի կարելի ենթադրենք 10 կետերում հանրահավաքներ անել: Բա ժողովրդի ձայնը որտե՞ղ են նրանք լսելու»,- հարցնում են հայ կոմունիստները:

ԼԵՆԱ ԲԱԴԵՅԱՆ