Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԾԵԾԵԼ ԵՆ «ՀԻՄԱ»-ԱԿԱՆԻՆ/ լրացված

Քաղաքականություն

Այսօր ժամը 15:50-ի սահմաններում Կորյուն-Աբովյան փողոցների հատման կետում գտնվող գետնանցումի տակ ծեծել են «Հիմա» երիտասարդական նախաձեռնության անդամ Նարեկ Հովակիմյանին: Ինչպես «Ա1+»-ին հայտնեց «Հիմա» նախաձեռնության անդամ Միքայել Ազնավուրյանը` Նարեկը ԵՊՀ Տնտեսագիտական համալսարանում դասի է եղել, երբ նրան են մոտեցել երկու ծանրամարմին տղաներ եւ կանչել են կողքի` զրուցելու:

Նարեկը խուսափել է եւ փորձել փախչել, վերջիններս վազել են նրա հետեւից եւ գետնացումում, հասնելով նրան, ոտքերի տակ են գցել եւ հարվածել: Այժմ նա գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, որտեղ բուժստուգում է անցնում: Միքայել Ազնավուրյանը վստահեցրեց, որ նրա գլխին կան կապտուկներ, սակայն վիճակը բավարար է:

Հիշեցնենք, որ ոչ շատ վաղուց ծեծել էին նաեւ մեկ այլ ընդդիմադիր երիտասարդ ակտիվիստի` Արսեն Խառատյանին:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Իշխանությունը բռնազավթած հանցագործ վարչախումբը, տեսնելով որ պարտվում է գաղափարական, քաղաքական եւ իրավական ոլորտներում, մինչդեռ օրեցօր թափ է առնում Համաժողովրդական շարժումը եւ դրանում մեծանում է երիտասարդության դերակատարությունը, շարունակում է ավելի հաճախակի դիմել ամենաստոր ու ողորմելի մեթոդների։ Այսօր, հունիսի 25-ին Բժշկական համալսանաի մոտ օրը ցերեկով, «անհայտ անձանց» կողմից թիկունքից հաձակման ու դաժան ծեծի է ենթարկվել ՀԻՄԱ երիտասարդական նախաձեռնության անդամ, Համաժողովրդական շարժման ակտիվիստ Նարեկ Հովակիմյանը։ Սա նույն ձեռագիրն է, որով վերջին շրջանում ծեծի էին ենթարկվել ՀԻՄԱ շարժման ակտիվիստ Արսեն Խառատյանը եւ ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» երիտասարդական կազմակերպության ղեկավար Նարեկ Գալստյանը։

Պարտված քոչարյանա-սերժական ռեժիմը ոչ մի կերպ չի հասկանում, որ նման քայլերով նա միայն ավելի ու ավելի է խորացնում առկա քաղաքական ճգնաժամը եւ ժողովրդի ատելությունը իր նկատմամբ։ Ոչ մի կերպ չի հասկանում, որ դրանով ոչ թե կանխում է Համաժողովրդական շարժման մեջ երիտասարդության իր համար այնքա՜ն վտանգավոր զանգվածային ներգրավումը, այլ առավել ամրացնում նրանք պայքարի կամքը։ Քանզի նմանօրինակ ամեն մի փաստից հետո բոլորը գիտակցում են, որ նենգաբար ծեծվել են ոչ թե իրենց հասակակիցները, այլ իրենցից յուրաքանչյուրը։

Մենք դատապարտում ենք վարչախմբի հրահանգով կազմակերպված այս ստոր արարքը եւ հավաստիացնում, որ այսօրինակ հանցագործությունների կատարողներն ու կազմակերպիչները շուտ թե ուշ անպայման պատասխան են տալու օրենքի առջեւ։

ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ