Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻՆ ՕՐԻՆԱԿ

Քաղաքականություն

Այսօր լրանում է Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հիմնադիր Արամ Մանուկյանի մահվան 89-րդ տարելիցը:

ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը եւ Դաշնակցության «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամներն այցելել են քաղաքային պանթեոն, եւ ծաղիկներ դրել նրա շիրիմին:

Վահան Հովհաննիսյանը նշել է, որ Արամ Մանուկյանի հիմնադրած անկախ պետականության կարճ գոյության ընթացքում նրան եւ իր թիմին հաջողվել է ստեղծել պետության զարգացման մի այնպիսի ծրագիր, որն արդիական է առ այսօր: «Այն ժամանակվա մեր պետական գործիչները տարբերվում էին այն պատկերից, որն ունենք այսօր: Կարծում եմ, դժվար պահին ժողովրդի կողքին լինելու ավելի լավ օրինակ մեր որեւէ պետական գործիչ երբեք չի տվել: Կուզեի, որ Արամ Մանուկյանն այդ առումով օրինակ լիներ»,- ասել է Վահան Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ սեփական կյանքի ու կենցաղի նկատմամբ խստությամբ աչքի ընկնող Արամ Մանուկյանը, որ նույնը պահանջում էր նաեւ շրջապատից, մահացել է բծավոր տիֆից, իսկ այդ հիվանդությամբ վարակվել էր` որպես Ներքին գործերի նախարար փախստականների ճամբարներ այցելելու ու նրանց կենցաղային պայմաններով զբաղվելու ընթացքում: