Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՎԵՐԺ ԲԱՐԵԿԱՄ ՌՈՒՍՆԵՐԻ ՊԼԱՑԴԱՐՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Մարզեր

Եղեգնաձորի Մալիշկա գյուղի գրեթե ցանկացած նորակառույց շենք եւ շինություն խորհրդանշում է հայ եւ ռուս ժողովուրդների հավերժ բարեկամությունը:

2 տարի առաջ շահագործման հանձնված հայկական եկեղեցին կոչվում է ռուս կաթոլիկ սրբի` Աննայի անունով:

Գյուղացիները գրեթե երդվում են համագյուղացի, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Արշավիրիչ Աբրահամյանի անունով: Հենց նրա միջոցներով է կառուցվել եկեղեցին, վերագործարկվել ադամանդի վերամշակման ձեռնարկությունը:

Այստեղ ադամանդի վերամշակումով է զբաղվում ավելի քան 100 մարդ: Նրանք հպարտ են գյուղում չապրող Աբրահամյանի համագյուղացին լինելով:

Արա Արշավիրիչի միջոցներով եկեղեցու դիմաց կառուցվել է հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության այգի: Նա գյուղ է բերել Ռուսաստանի Դաշնության նախագահի տիկնոջը` Լյուդմիլա Պուտինային: Վերջինս եկեղեցու տարածքում գործող հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանին է նվիրել մի ճենապակե սկուտեղ:

Այս թանգարանին իր նվերն է հանձնել նաեւ ռուսական ուղղափառ եկեղեցու առաջնորդ Ալեքսիյ երկրորդը:

Ազգությամբ ռուս ոչ մի բնակիչ չունեցող Մալիշկան համարվում է Հայաստանում իր մեծությամբ երրորդ գյուղը: Այսօր գյուղում ապրում է մինչեւ 3 հազար մարդ խորհրդային վերջին տարիների 9 հազարի փոխարեն:

Գյուղացիներն ասում են, որ գյուղից արտագաղթ չի եղել, պարզապես մարդիկ հարստանում են եւ հեռանում:

Խորհրդային տարիներից Մալիշկան ժառանգել է կոնդենսատորների հսկա գործարանը եւ «Փառք աշխատանքին» կարգախոսը:

Մալիշկայում այսօր գործում է երկու դպրոց: Թիվ 2-ն ունի ռուսաց լեզվի խորացված ուսուցում:

Երեկ Մալիշկա էր այցելել Ռուսաստանի հայերի միության ռուսաց լեզվի զարգացման կենտրոնը: Վերջինս թիվ 2 դպրոցի համար բերել էր ռուսերենի խորացված ուսումնասիրության համար անհրաժեշտ գրքեր եւ գրենական պիտույքներ:

Կրթության նախարարության ռուսաց լեզվի գծով գլխավոր մասնագետ Լիլիա Բալասանյանն ուսուցիչներին տեղեկացրեց, որ Հայաստանում ռուսական թեքումով դպրոցներ են գործում Կապանում, Վանաձորում, Գյումրիում: «Ձեր երեխաները պարտավոր են ռուսերեն իմանալ եւ դա ձեր գլխացավանքն է»,- տեղեկացան ուսուցիչները:

Տիկին Բալասանյանը հիշեցրեց, որ Ռուսաստանի վարչապետ Կասյանովն օրերս «Գույք` պարտքի դիմաց» ծրագրի շրջանակներում հայկական մի շարք ձեռնարկություններ է սեփականաշնորհել: Այդ ձեռնարկություններում աշխատելու համար, ըստ տիկին Բալասանյանի, չափազանց կարեւորվելու է ռուսերենի իմացությունը:

Կենտրոնի տնօրեն Գուրգեն Բարիկյանը նշեց, որ Մալիշկայում ռուսերենի խորացված ուսումնասիրման ծրագիրը չի սահմանափակվելու մեկ այցելությամբ: