Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25 ԻՆ

Քաղաքականություն

16 ի այսօրվա նիստի ժամանակ վերջապես Արշակ Սադոյանը իրեն բավարարված զգաց, քանի որ շտաբը համաձայնեց իր առաջարկի հետ եւ հանրահավաք հոկտեմբերի 25 ին այնուամենայնիվ կհրավիրվի: « Հոկտեմբերի 27 ին նպատակահարմար չենք գտնում հանրահավաք կամ երթ անել, որպեսզի հիշատակի օրը անցնի լուռ, որեւէ կարգի ակցիա չլինի»,- ասում է ՀԺԿ անդամ Վարդան Մկրտչյանը:

Նիստի ժամանակ տեղական ինքնակառավարման ընտրությունների մասին հարց չի քննարկվել: Շտաբի պետ, «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Վաղարշակ Հարությունյանից տեղեկացանք, որ այդ հարցում 16 ը կոնկրետ որոշում չի կայացրել, սակայն գործում է պայմանավորվածություն, որ եթե 16 ից որեւէ ուժ ունենա թեկնածու, նրան կպաշտպանի միավորումը:

Այսօրվա նիստին ներկա էին բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները: Նրանք քննարկել են նաեւ առաջիկա եռօրյայում ընդդիմադիր պատգամավորների գործունեության հարցը: Սակայն այս մասին ինֆորմացիա շտաբի անդամները չեն տալիս: Վերջնական որոշում կկայացնի ոչ ֆորմալ պատգամավորական խումբը, հոկտեմբերի 21 ին, ժամը 11 ին հրավիրելիք նիստի ժամանակ:

Շատ բան, ըստ պատգամավորների, կախված կլինի նաեւ եռօրյային նախորդած ընտրություններից: Այդ օրը երեկոյան կուսակցությունների ղեկավարները արտահերթ նիստ կհրավիրեն:

Ինչ վերաբերում է Գառնիկ Մարգարյանի « Սոցիալիստական միավորման » միասնական թեկնածու լինելուն, ապա այդ միավորման քարտուղար Վարդան Խաչատրյանը մեզ տեղեկացրեց , որ որեւէ որոշում չի կայացվել եւ միավորման անունից որոշում ընդունելու կամ հայտարարություն անելու մենաշնորհը միասնական կոնֆերանսինն է, իսկ այն դեռ չի կայացել: Այնպես որ Սոցհայաստանի պառակտման մասին լուրերը չափազանցված էին: