Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԵՑՑԵ ԱՄԵՆԱԱՐԴԱՐ ԵՎ ԱՄԵՆԱՃՇՄԱՐԻՏ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Քաղաքականություն

Հայաստանի Կառավարությունն իր այսօրվա նիստի ընթացքում Հանրապետության բնակիչներից թաքուն ոչ մի որոշում չի ընդունել: Փորձն արդեն ցույց է տվել, որ յուրաքանչյուր նիստից հետո հրավիրվող ասուլիսին լրագրողներին ներկայացվում են նիստին քննարկման ներկայացված ոչ այնքան հրատապ հարցերը: Այդպես օրինակ` բազմիցս պատահել են դեպքեր, երբ նույն օրը երեկոյան կամ առավոտյան միայն պարզվում է մի շարք պետական կարեւորագույն ձեռնարկությունների մասնավորեցման մասին Կառավարության ընդունած որոշումները: Պետական հաստատությունների մասնավորեցման մասին որոշումներ Կառավարությունն ընդունել է նաեւ այսօր:

Սկզբում ներկայացվեց, որ պետք է մասնավորեցվեն Հանրապետության 6 հանրակացարաններ, որտեղ հիմնականում բնակվում են փախստականներ: Այդ մասնավորեցման արդյունքում բնակարանով կապահովվի 160 ընտանիք: Ի դեպ, փախստականները բնակարաններն իրավունք ունեն սեփականաշնորհել, եթե հանդիսանում են ՀՀ քաղաքացի:

Լրագրողները, սակայն, դրանով չսահմանափակվեցին, քանի որ մտավախություն ունեին, որ այսօր էլ կորոշվի մասնավորեցնել մի կարեւորագույն օբյեկտ:

ՀՀ պետական գույքի կառավարման նախարար Դավիթ Վարդանյան. «Շնորհակալություն հարցի համար: Ես մեկա վերջում խնդրելու էի, որ հայտարարություն անեմ: Դա հետեւյալն է, որ մասնավորեցվում է Գագարինի եւ Մասիսի նավթամթերքներից անջատված պետական 70-ից ավելի յուղման եւ բենզալցման կետեր: Դրանք մեկ անգամ դրվել էին աճուրդի` գնահատված արժեքի 50 տոկոսով: Չէր վաճառվել»:

Որպեսզի աճուրդի դրված օբյեկտներն այս անգամ վաճառվեն դրանց գինը սահմանվել է գնահատված արժեքի 25 տոկոսի չափով: Էժանացված աճուրդի է դրվելու նաեւ Արտաշատի կինոթատրոնի կիսավարտ շենքը: Այդ թվարկությունը, սակայն, լրագրողներին չհանգստացրեց:

«Կներեք, դուք ուզում եք ասել, որ էլի կա մասնավորեցման որոշումներ որոնց մասին ես չասացի՞: Դե որ վերջացրի ուրեմն չկա», - հայտարարեց Դավիթ Վարդանյանը:

Կառավարությունն այսօր անդրադարձել է նաեւ ջրային ռեսուրսների օգտագործման խնդրին: Այդ դաշտը կանոնակարգելու համար Կառավարությունը ստեղծելու է կանոնակարգող խորհուրդ: Ի դեպ, բնակիչներին մատակարարվող եւ սպառվող ջրի դիմաց վարձավճարների հավաքագրումներն, ըստ Գագիկ Մարտիրոսյանի աստիճանաբար կանոնակարգվում է: Վարձավճարների առումով Ջրային Պետական Տնտեսության ղեկավարը շեշտեց, որ ԱԺ-ում քննարկվող օրենսդրության վերաբերյալ բնակչությունն ունի թյուրըմբռնում: Օրենքի համաձայն բնակչության ունեցած պարտքերը, հավանաբար ներվելու են միայն 98-ից մինչեւ 2000 թվականը` օգտագործված խմելու եւ ոռոգման ջրի դիմաց: