Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՌԱԿ-ԻՆ ՎԱՅԵԼ ՆԱԽԱԳԱՀ

Քաղաքականություն

2003թ. կայանալիք ՀՀ նախագահական ընտրություններում ՀՌԱԿ-ը պաշտպանելու է Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը: Քանի որ վերջինս հայտարարել է իր վերընտրվելու մտադրության մասին, մեկ այլ թեկնածուի մասին մտածել կուսակցությունը չի էլ ցանկացել: Ըստ ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանի, Ռոբերտ Քոչարյանը իսկական իրենց թեկնածու է: «Նրա ներքին, առավել եւս տնտեսական քաղաքականությունը համահունչ է ռամկավար ազատական գաղափարախոսությանը»,- բացատրեց Ռուբեն Միրզախանյանը: Ըստ նրա, գործող նախագահին ՀՌԱԿ-ը պաշտպանում է մեկ այլ պատճառով.«1998-ին Քոչարյանը, ոչ թե նախկին նախագահը, ՄԱԿ-ում հայտարարեց հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին»:

Ի դեպ, ՀՀ ներքաղաքական զարգացումների մասին ՀՌԱԿ 11-րդ պատգամավորական համաժողովն այսօր նույնիսկ հատուկ բանաձեւ ընդունեց: Համաձայն դրա, առաջիկա ընտրություններում կուսակցությունը պաշտպանելու է այն թեկնածուներին, ովքեր «կհամախմբվեն պետության շուրջ»:

Սա ՀՌԱԿ նախընտրական առաջին համագումարն է, երկրորդը հավանաբար տեղի կունենա ԱԺ ընտրություններից երեք ամիս առաջ: Թեեւ ՀՌԱԿ ատենապետը կարծում է, որ երկրորդ անգամ 350 պատվիրակով հավաքվելու կարիք չի լինի: ՀՌԱԿ նորընտիր վարչությունը ինքնուրույն կձեւավորի ՀՀ ԱԺ ընտրությունների կուսակցական ցուցակը: