Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԹՈՂ ԷՐԵԽԵՔԸ ՃԱՆԱՉԵՆ ԻՍԿԱԿԱՆ ԲԵՌՆԱՐԴ ՇՈՈՒԻՆ»

Մշակույթ

«Նռան հատիկ» Հանրապետական մանկական թատերական երկրորդ փառատոնի աշնանային թատերաշրջանը կբացվի վաղը: Փառատոնի կազմակերպիչները` «Նախաբեմ» կրթամշակութային միության անդամները նախատեսել են 26 ներկայացնում, որոնք կներկայացնեն Երեւանի դպրոցներից 14, մարզային դպրոցներից 10 թատերական եւ գեղարվեստական խմբեր : Փառատոնին կմասնակցի նաեւ Աբովյանի անչափահասների գաղութի թատերական խումբը :
Հիշեցնենք, որ առաջին գարնանային փառատոնը, որը տեղի ունեցավ մայիսի 31-ին, կոչվում էր երեւանյան, որտեղ իրենց թատերական շնորքն էին ցույց տալիս միայն Երեւանի դպրոցականները:

Փառատոնի կազմակերպիչները հույս ունեն, որ հետագա փառատոնները կդառնան համահայկական, եւ դրանց կմասնակցեն սփյուռքի ու Ջավախքի դպրոցականները: Երեւան ժամանած փոքրիկ արտիստները կապրեն «Օլիմպիկ» գիշերօթիկում:

Դպրոցից եւ եկեղեցուց հետո թատրոնը երրորդ հոգեւոր սյունն է , ասում է « Ագուլիս» թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Մանարյանը: Փառատոնն, ըստ նրա, կլրացնի մշակութային բացը, որն առկա է Հայաստանում եւ հատկապես մարզերում :
Ի դեպ, մարզային իշխանությունները, մեղմ ասած, տեղյակ չեն, թե ինչ մշակութային օջախներ են գործում իրենց տարածքներում :

Փառատոնի խաղացանկը հայ եւ արտասահմանյան դասականներն են: Երեխաների կողմից ներկայացվելու են այնպիսի հայտնի գործեր, ինչպիսիք են Վ.Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է», Անտուան Դը Սենտ-Էկզյուպերիի «Փոքրիկ իշխանը», Հ. Թումանյանի «Սասունցի Դավիթը», Բ. Շոուի «Պիգմալիոնը» եւ այլն: Վերջինիս կապակցությամբ Երվանդ Մանարյանը նկատեց `- թող երեխեքը իմանան, որ Բեռնարդ Շոուն մեծ գրող է, այլ ոչ թե սեղանի վրա պարող աղջիկներ :
«Նռան հատիկ» հանրապետական մանկապատանեկան թատերական փառատոնը կընթանա «Համազգային» թատրոնի դահլիճում` հոկտեմբերի 15-ից 31-ը: