Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆԱՀԱՆՋԵԼՈւ ՏԵՂ ՉՈւՆԵՆՔ

Սպորտ

«Եթե այս անգամ էլ պարտվենք, ապա կարելի է մի քանի տարով մոռանալ Հայաստանի հավաքականի գոյության մասին», - ահա այսպիսի կարծիք հայտնեց 26-ամյա Հովհաննեսը վաղը կայանալիք Ղազախստան-Հայաստան մրցավեճից առաջ: Մեր անցկացված հարցման ընթացքում շատերը զայրացած տոնով էին խոսում Հայաստանի հավաքականի մասին եւ պահանջում էին մեր ֆուտբոլիստներին սթափվել: «5 խաղ է` գոլ չեն խփել: Դա շատ ամոթալի հանգամանք է: Միայն գաճաճ պետությունները կարող են այդպիսի ցուցանիշ ցույց տալ: Ղազախստանին պետք է հաղթել», - նշեց 43-ամյա Սամվելը:

«Եվրո-2008»-ի ընտրական Ա խմբում Հայաստանի հավաքականը 1 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը եւ 34-ամյա Գեւորգի կարծիքով` Ղազախստանին պարտվելու դեպքում մեզ համար երաշխավորված է վերջին հորիզոնականը. «Չեմ էլ ուզում մտածել պարտության մասին, բաց եթե դա տեղի ունենա վերջին տեղից խուսափել հնարավոր չէ: Այլեւս նահանջելու տեղ չունենք: Նույնիսկ Ադրբեջանը եւ Ղազախստանը առաջ են անցել մեզանից: Ղազախները լավ հավաքական ունեն, սակայն Բրազիլիա կամ Իտալիա չեն: Այս խաղում կարելի է 3 միավոր վաստակել: Մեր տղաները պետք է ամեն ինչ անեն, հաղթեն եւ լավ տրամադրությամբ պատրաստվեն հունիսի 6-ին Լեհաստանի հետ կայանալիք մրցավեճին»:

28-ամյա Տիգրանը եւս գտնում է, որ նահանջելու տեղ չկա. «Արդեն ամենացածր դիրքում ենք, որտեղի դուրս գալու համար միայն հաղթանակ է անհրաժեշտ»: