Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻՔԵԼԱՆՋԵԼՈՅԻ ԴԱՎԻԹՆ ԷԼ ՄՐՑՈՒՅԹՈՎ ՉԻ ՍՏԵՂԾՎԵԼ...

Մշակույթ

Այսօր վերջապես պարզ կդառնա Առնո Բաբաջանյանի արձանի հետագա ճակատագիրը: Գեղարվեստական խորհուրդը դռնփակ նիստում քննարկում է 2 տարբերակ` կամ արձանը որոշակի փոփոխություններից հետո կմնա նույն տեղում, կամ կտեղափոխվի:

Հիշեցնենք, որ վերջերս Երեւանի քաղաքապետարանում աղմկալից քննարկում անցկացվեց` կապված տխրահռչակ արձանի հետ: Քննարկման հրավիրված արվեստագետների մի մասը պահանջում էր ապամոնտաժել արձանը, իսկ մյուս` համեմատաբար փոքրաթիվ մասը դրական կարծիք էր հայտնում:
Քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը հարկադրված էր գեղարվեստական խորհուրդ ստեղծել, որն էլ ի վերջո կլուծի հարցը: Խորհրդում ներգրավվել են 5 ստեղծագործական միությունների նախագահներ, ինչպես նաեւ նկարիչներ, քանդակագործներ եւ արվեստաբաններ:

Արձանի ճակատագրով մտահոգված արվեստագետների մի ստվար խումբ քննարկմանը չէր մասնակցում եւ նիստի որոշմանը սպասում էր արձանի շուրջ հավաքված: Նրանց հետ էր Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը: Նա որոշակի արտահայտվեց քննարկվող տարբերակներից հատկապես երկրորդի վերաբերյալ: Երեւանի գլխավոր ճարտարապետն ասաց. «Եթե այսօր նրանք փորձեն տեղափոխման որոշում կայացնել, ես իմ բոլոր հնարավորություններով կհակառակվեմ նրանց»: Թե ինչ «հնարավորությունների» մասին էր խոսքը գլխավոր ճարտարապետը չմանարամասնեց:

Գլխավոր ճարտարապետը դեմ արտահայտվեց նաեւ արձանը տեղադրելու համար մրցույթ անցկացնելու պարտադիր կարգին` նշելով որ նման կարգ գոյություն չունի. Սասունցի Դավիթն էլ, Վարդան Մամիկոնյանն էլ, Միքելանջելոյի Դավիթն էլ մրցույթի արդյունքում չեն ծնվել: :

Նարեկ Սարգսյանը այսօր հիշեցրեց , որ ժամանակին Սասունցի Դավթի արձանին անվանում էին կարուսելի ձի, Թամանյանին` Թեմուրի արձան եւ քարկոծում էին: Պարոն Սարգսյանը կոչ արեց հանդուրժող լինել եւ համբերել մինչեւ ժամանակը կտա իր գնահատականը :