Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՌՆՈՆ ՄԵՂՔ Է...

Մշակույթ

«Շվարած եմ»... Այսպես արձագանքեց պատգամավոր Սերգեյ Իսրայելյանը քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի այն հայտարարությանը թե «ինչ կառուցում ենք` կառուցում ենք երեվանցիների համար»: Խոսքը վերջին օրերին մեծ աղմուկ հանած Առնո Բաբաջանյանի արձանի մասին է: Արձանի շուրջ հակասական կարծիքները հասկանալու, ելք գտնելու, բայց ոչ մեղավորներ փնտրելու նպատակով Ռոբերտ Նազարյանն այսօր քննարկման էր հրավիրել մտավորականներին: Քաղաքապետը սկզբում իր հեղինակավոր կարծիքը հայտնեց. արվեստի գործ է, բարձր է գնահատում հեղինակ Դավիթ Բեջանյանին եւ այնքան էլ չի հասկանում աղմուկի պատճառը: Ըստ քաղաքապետի, եթե այդ քանդակը օտարերկրացի ստեղծած լիներ եւ դրվեր Վիեննայում կամ Փարիզում, ապա անպայման կմեծարվեր: Բայց քանի որ հեղինակը տեղացի է` կարելի է քննադատել: «4 ամիս շարունակ այդ արձանը կառուցվում էր, սակայն Էդվարդ Միրզոյանից բացի ոչ մեկին չի հետաքրքրել այն», - նշեց քաղաքապետը:

Հարկ է նշել, որ արվեստագետները, մեղմ ասած, զգուշավոր էին իրենց կարծիքներում: Սվետլանա Նավասարդյանն այնուամենայնիվ հստակ ասաց: «Արձանը պարզունակ է»: «Առնոն մեղք է, մի թողեք, որ ժողովուրդը թքի-մրի կամ ռումբ դնի նրա տակ: Եթե հնարավոր է մի բան անել, մի զլացեք` արեք», - նկատեց պատգամավոր Սերգեյ Իսրայելյանը: Իսկ մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցը ավելի կտրուկ էր. «Կառավարությունը պետք է վճռի, արձանը կմնա, թե ոչ»:

Արվեստագետներից ոմանք չէին ուզում «կպնել» հեղինակին, որովհետեւ իրենց ընկերն է, ոմանք էլ առաջարկեցին կերտել երկրորդ արձանը, առաջինը դասելով որպես արվեստի առանձին գործ:

Արդյունքում քաղաքապետը հանձնարարական տվեց գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին կազմակերպել նոր ստեղծագործական խորհուրդ, որն էլ կլուծի խնդիրը: