Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԿԱՆՆԵՐԸ ԷԳՈՅԱՆԻ ԱՉՔԵՐՈՎ

Մշակույթ

«Ֆիլմս պատմության ուրվականների հետ ապրելու մասին է»: Ատոմ Էգոյանն այսպես է մեկնաբանում «Արարատ» - ֆիլմը, որը հիմնված է 20-րդ դարի արյունոտ ցեղասպանություններից մեկի՝ Օսմանյան կայսրության կողմից ոչնչացված ավելի քան 1.5 մլն հայերի կոտորածի իրական իրադարձությունների վրա:

Այսօր կանադահայ ռեժիսորը մամլո ասուլիս տվեց: Իդեպ Կաննի փառատոնում գրեթե 10 րոպե բուռն ծափահարությունների արժանացած ֆիլմի ռեժիսորին Հայաստանի մամուլն ընդունեց ավելի քան զուսպ: Սա թերեւս արտաքուստ, որովհետեւ հարցեր տալու համար իրար չզիջող լրագրողների կուտակումները, ինչպես նաեւ հարցադրումները այլ բան էին ասում:

Ինչեւէ՝ Ատոմ Էգոյանն ու նրա կինը՝ Արսինե Խանջյանը երջանիկ են, որ Հայաստանում են, երջանիկ են, որ «Արարատ»-ը ցուցադրվում է հայրենիքում:

Բավական է աշխարհի որեւէ կինոստուդիայում նկարահանվի թուրքերին անբարենպաստ լույսով ներկայացնող մի ֆիլմ, որպեսզի Թուրքիան բողոքներ ու միջամտություններ ձեռնարկի գործը խափանելու, կամ ֆիլմի ցուցադրությունը խոչընդոտելու նպատակով: Թուրքիան այսօր աղմկում է «Արարատ»-ի պատճառով, ասելով, որ Ատոմ Էգոյանի քարոզչությունն ուղված է «զրպարտվող թուրք ժողովրդի» դեմ: Ռեժիսորն այդ մասին ասել է: «Ես միշտ փորձել եմ չմտնել քաղաքականության մեջ, սակայն ինձ սարսափեցնում է այն, ինչ այդքան ծանր հարված է հասցրել իմ եւ ուրիշների ընտանիքներին, կասկածի տակ է առնվում»:

Կանադաբնակ 42-ամյա Ատոմ Էգոյանի համար ցեղասպանությունը նուրբ ու բարդ թեմա է: Ֆիլմի ստեղծմանը մեծապես նպաստել է կինը: Ռեժիսորը տարիներով խոսել է Արսինե Խանջյանի հետ` որպես Հայ Դատի գիտակ:

Հյուրերը գրեթե 1 ժամ ուշացան մամլո ասուլիսից, քանի որ Խոր Վիրապից մինչեւ Երեւան նրանց ճանապարհն աննդհատ փակել են մեր հայրենակիցները՝ ստորագրություններ վերցնելու, կամ հյուրասիրելու եւ շնորհակալական խոսք ասելու նպատակով: ՀՀ Մշակույթի նախարարությունը նույնպես անմասն չմնաց: Նախարարի, ինչպես նաեւ Արվեստի եւ Գրականության համահայկական «Վահագն» մրցանակաբաշխության հանձնաժողովի որոշմամբ՝ Ատոմ Էգոյանը դասվեց ազգի 5 մեծերի թվին եւ արժանացավ «Վահագն» մրցանակի:
Տեղեկացնենք, որ այդ մրցանակին են արժանացել՝ Արմեն Ջիգարխանյանը, րող Զահրադը, նկարիչ՝ Ժանսեմը — շանսոնյե Շառլ Ազնավուրը: