Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լոռու մարզի դատախազը համարել է անթույլատրելի

Պաշտոնական
23.03.192

 Լոռու մարզի դատախազությունում անցկացվել է  խորհրդակցություն: Օրակարգում եղել են բնակարանային գողությունների և ՃԵԿ   հանցավոր խախտումների դեմ կանխարգելիչ պայքարի արդյունավետությունը կտրուկ   բարձրացնելու ուղղությամբ համալիր միջոցառումների պլանավորման և  իրականացման հարցերը:  2018թ. մարզի վարչական տարածքում  արձանագրվել է բնակարանային գողությունների 88 դեպք, ինչը 34-ով կամ 63%-ով  ավելի է 2017թ. համեմատ: Իսկ վարույթներում գտնվող այս բնույթի քրեական  գործերով և նյութերով անցնող թվով 107 հանցագործությունների բացահայտումը  կազմել է 31,8 %՝ նախորդող տարվա 57,3%-ի դիմաց: 2019թ. արձանագրվել է  բնակարանային գողությունների դեպքերի որոշակի նվազում, սակայն բացահայտման  ցուցանիշը շարունակում է մնալ ցածր: Մարզի տարածքում 2018թ. արձանագրվել է ճանապարհատրանսպորտային (ՃՏ) հանցագործության 83 դեպք՝ նախորդ տարվա 68-ի դիմաց, այսինքն՝ նշված բնույթի հանցագործության դեպքերն աճել են 15-ով կամ 22,1%-ով: 7,1%-ով նվազել են մահվան ելքով ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքերը: Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանը սեփականության դեմ ուղղված, ինչպես նաև ՃՏ հանցագործությունների դեպքերի աճը գնահատելով անթույլատրելի՝ դրանք պայմանավորել է մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով: Նա նշել է, որ բնակարանային գողությունների համար նախականխիչ նշանակություն ունեն բազմաբնակարան շենքերի շքամուտքերում տեսախցիկ­ների տեղադրումը, փողոցների ու շենքերի լուսավորության ապահովումը, բազմաբնակարան շենքերի մուտքի դռների և դրանց կոդավորված փականների առկայությունը: Իսկ համայնքների փողոցների բանուկ խաչմերուկների տեսանկարահանող սարքերով կահավորումը կարող է կանխարգելիչ նշանակություն ունենալ նաև այլ հանցատեսակների դեմ պայքարի, հատկապես ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման առումով: Անդրադառնալով վերջինիս՝ մարզի դատախազը փաստել է, որ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու և անզգուշությամբ անձանց առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու դեպքերի աճը պայմանավորված է ճանապարհապարեկային ծառայության կատարած աշխատանքների ոչ բավարար մակարդակով, հատկապես երեկոյան ու գիշերային ժամերին երթուղիների ոչ ճիշտ տեղաբաշխմամբ և սպասարկմամբ, վարորդների, հետիոտների հետ տարվող բացատրական  աշխատանքների, արձագանքման և վարչական պատասխանատվության ենթարկելու ցածր  արդյունավետությամբ։ Տեղեկացվել է, որ ՃԵԿ հանցավոր խախտումների դեմ  պայքարն արդյունավետ դարձնելու համար, համաձայն դատախազության որդեգրած  մոտեցման, իրականացվում է խիստ պատժողական քաղաքականություն, և նման  հանցագործություն կատարած մեղադրյալների նկատմամբ, հաշվի առնելով հանցանքի  կատարման հանգամանքները, խափանման միջոց կալանավորում ընտրելիս  յուրաքանչյուր դեպքում ցուցաբերվում է անհատական մոտեցում և որպես պատիժ  հիմնականում միջնորդվում է ազատազրկում: Խորհրդակցության ընթացքում մասնակիցների ուշադրությունը հրավիրվել է ուսումնասիրություններով մարզի վարչական տարածքի քարտեզի վրա նշագրված առանձնացված բնակարանային գողությունների և ՃՏ հանցագործությունների ռիսկային գոտիների վրա։ Խիստ կարևորելով անձանց սեփականության և բնակարանի անձեռնմխելիության իրավունքի ապահովման և երթևեկության անվտանգության մակարդակն առավել բարձրացնելու անհրաժեշտությունը՝ մարզի դատախազը նշել է, որ յուրաքանչյուր դեպքով պետք է վեր հանել հանցանքների կատարմանը նպաստող պատճառները և դրանց վերացման ուղղությամբ միջոցներ ձեռնարկել, այդ թվում՝ իրավաբանական կամ պաշտոնատար անձանց միջնորդագրեր ներկայացնելու եղանակով։ Նշված հանցագործությունների դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով մարզի դատախազը ոստիկանության մարզային վարչության ղեկավարությանը հանձնարարել է առավել թիրախային դարձնել գիշերային ծառայության վերակարգերի ճիշտ տեղաբաշխումը՝ հատկապես առավել ռիսկային թաղամասերում, շրջիկ խմբերի կազմում ընդգրկել փորձառու աշխատակիցներին, ինչպես նաև ուժեղացնել արտաքին ծառայությունը այն վայրերում, որտեղ առավել հաճախ են արձանագրվում ՃՏ պատահարներ: Իսկ խախտումներ թույլ տված յուրաքանչյուր անձի նկատմամբ՝ կիրառել վարչական ներգործության խիստ միջոցներ։