Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մի քիչ լուրջ չեք վերաբերվել զեկույցին. Մ. Հայրապետյանը` Նազենի Ղարիբյանին

Քաղաքականություն
54730640_356058111787586_6687965929067773952_n

Ազգային ժողովում գիտության, կրթության մշակույթի, սփյուռքի,  երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում այսօր ներառված էր 2018թ. հունիսի 1-ին Կառավարության կողմից  հավանության արժանացած Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:  Նիստին ներկա Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի համոզմամբ՝ կառավարության քաղաքականությունը միտված է եղել մշակութային կյանքին  հանրային ակտիվ մասնակցությունն ապահովելուն, մշակութային իրադարձությունների լայն քարոզչություն իրականացնելուն, մշակութային հաստատություններում քաղաքացիների հարաճուն հոսքին նպաստելուն:   «Այս առումով, կես տարվա ընթացքում  իրականացվել են  30 մրցույթ- փառատոններ, որից 24-ը միջազգային, 7-ը տեսարվեստի ցուցահանդես և 2-ը մրցանակաբաշխություն»: Ղարիբյանը հատուկ նշեց, որ Կառավարության հետևողականության շնորհիվ բացառվել է պատմամշակութային հուշարձաններ քանդելու դեպքերը: Նաև ավելացել է  թանգարանների այցելուների թիվը: Ըստ Նազենի Ղարիբյանի՝ նախորդ տարվա համեմատ թիվն աճել է 121 000 մարդով»: Զեկույցն ավարտելուց հետո հանձնաժողովի նախագահ  Մխիթար Հայրապետյանը դիմելով Ղարիբյանին նշեց. «Եթե անկեղծ լինեմ, ինձ մոտ տպավորություն կա էս մշակույթի հատվածից, որ  մի քիչ լուրջ չեք վերաբերվել սրան»:  Հայրապետյանը ասածը հիմնավորեց այսպես. «Այսօրինակ՝ «Կառավարության հետևողականության շնորհիվ բացառվել է պատմամշակութային հուշարձաններ քանդելու դեպքերը» հայտարարությունը դնել  տեքստի մեջ որպես զեկույց և ներկայացնել պառլամենտին, արդյո՞ք արդյունավետ և նպատակահարմար եք գտնում»:   Ի պատասխան պատգամավորի, Նազենի Ղարիբյանն ընդունեց քննադատությունը, բայց նշեց՝ տեքստը մենակ չէ գրել, այն մշակվել է նաև Կառավարության կողմից: «Նաև դեբատներ են եղել այս առումով, ինչը պետք է գրել, ինչը  չգրել: Ամեն դեպքում ես ամբողջովին պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա, որևէ խնդիր չունեմ»: