Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի մարմնամարզիկները Քաթարում կվիճարկեն աշխարհի գավաթը

Սպորտ
a1gimnastika-1

Հայաստանի առաջատար մարմնամարզիկները մարտի 20-23-ը կմասնակցեն Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությանը: Նրանք են՝ Հայաստանի գործող չեմպիոն Արթուր Դավթյանը, ազգային թիմի անդամներ Արթուր Թովմասյանը, Վահագն Դավթյանը եւ Հարություն Մերդինյանը: Ինչպես «Ա1+»-ին հայտնեց Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գառնիկ Սարոյանը, սա մեր մարմնամարզիկների վերջին մրցաշարն է Եվրոպայի առաջնությունից առաջ: «Գավաթի խաղարկությունից հետո մեր առաջատար եւ երիտասարդ մարմնամարզիկները մեկշաբաթյա ուսհավաք կանցկացնեն Թբիլիսիում: Այնուհետ, մեծահասակները կմեկնեն Լեհաստան, որտեղ տեղի կունենա Եվրոպայի առաջնությունը: Վերը նշված քառյակին կմիանան նաեւ Ջիվան Խաչատրյանն ու Արթուր Ավետիսյանը: Իսկ ահա Գագիկ Խաչիկյանը կպատրաստվի աշխարհի երիտասարդական առաջին առաջնությանը, որը կկայանա հուլիս ամսին, Հունգարիայի Դյոր քաղաքում», - ասաց Գառնիկ Սարոյանը: Հավելենք, որ Դոհայի աշխարհի գավաթի խաղարկությունում հանդես են գալու 57 երկրի 128 մարմնամարզիկներ: Այն վարկանիշային է, սակայն մերոնք դուրս կմնան օլիմպիական հաշվարկից, քանի որ չեն մասնակցելու մնացած երկու խաղարկություններին: Դրանցից մեկը կայանալու է Բաքվում, իսկ մյուսը Մելբուռնում (Ավստրալիա), որը ձեռնտու չէ ֆինանսական տեսակետից: