Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեր` գրավատների և փոխանակման կետերի աշխատակիցներիս բողոքի ձայնը դեռ անլսելի է» (տեսանյութ)

Հասարակություն
serg2-1

Գրավատների և տարադրամի փոխանակման կետերի աշխատակիցները կրկին հավաքվել են ՀՀ կառավարության շենքի առջև` բարձրաձայնելու իրենց խնդրի մասին և պահանջելու հիմնավորումներ` ոլորտի պետական տուրքը 60 անգամ բարձրացնելու նախաձեռնված օրինագծի վերաբերյալ: «Մեր` գրավատների և փոխանակման կետերի աշխատակիցներիս բողոքի ձայնը դեռ անլսելի է»,-ասում են ցուցարարները: Նշենք, որ «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծով 60 անգամ կամ 6000 %-ով կբարձրանա նշյալ ոլորտների պետական տուրքը, ըստ որի գրավատների համար ներկայիս 100 000 դրամի փոխարեն կսահմանվի 6 միլիոն, փոխանակման կետերի համար՝ 50 000-ի փոխարեն 3 միլիոն դրամ պետական տուրք։ Պետտուրքի բարձրացման հետևանքով, ըստ ցուցարարների, երկրում գործազրկության նոր ալիք կբարձրանա, ավելի քան 1 300 աշխատակից՝ մարզերում և Երևանում, կզրկվի աշխատանքից, տարեկան ավելի քան 900 միլիոն դրամ հարկ չի վճարվի պետական բյուջե, իսկ կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքար որդեգրած կառավարությունը ոլորտում զարկ կտա մոնոպոլ դիրքի արմատավորմանը։ Անհատ ձեռնարկատեր Սամվել Մովսիսյանի փոխանցմամբ, երեկ հանդիպում է տեղի ունեցել Կենտրոնական բանկի ներկայացուցիչների և վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանի միջև։ Քննարկման ընթացքում կենտրոնական բանկը որևէ զիջման չի գնացել փոփոխության հարցում։ Մովսիսյանի խոսքով, այս պահին դիլերների միության նախագահ Արամայիս Խաչատրյանը հանդիպում է ունենում ԱԺ տնտեսական հանձնաժողովի հետ՝ բարձրացված խնդրի շուրջ քննարկման համար։ Ցուցարարները պահանջում են հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ։ Նրանք շարունակում են իրենց ակցիան՝ իշխանությունների որդեգրած վիկինգյան ոճի «Դըմփ-դըմփ-հու» անելով ու «Հանդիպում, վարչապե՜տ» վանկարկելով։