Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շտապօգնությունը չի գալիս, ասում են՝ էս ճամփեքով չենք գա». Երեւանի բնակիչ (տեսանյութ)

Հասարակություն
noragyugh-nkar

Երեւանի կենտրոնական ավտոկայանին հարակից Նորագյուղ թաղամասին ճանապարհներն իսկական գլխացավանք են վարորդների համար:  Նույնիսկ «Ա1+»-ի նկարահանող խմբին տեղափոխող տաքսու վարորդն անկեղծացավ, եթե նախօրոք իմանար.  թե ուր է գնալու, կհրաժարվեր պատվերից։   Նորագյուղի բնակիչները ուրախ կլինեին, եթե թաղամաս չեկողները տաքսու վարորդները լինեին։  «Իմ սիրտը օպերացիա է արած,  սկորին չի գալիս ինձ դեղ սրսկի, ասում են՝  էս ճամփեքով չենք գա»,- ասում է բնակիչներից տիկին Ռուզանը։ Թաիրով փողոցի բնակիչ Հունան Պետրոսյանը  հավելում է. «Նորմալ չի, որ շտապօգնություն ես կանչում, ու չի գալիս ճանապարհի համար, դե պետք է կարողանա, որ գա»։ Տարածքի բնակիչները հաճախ են սեփական միջոցներով ճանապարհները մասնակի բարեկարգել, բայց անձրևի գալուց հետո նորից նույն վիճակն է:    «Էստեղից-էնտեղից քանդած ասֆալտի կտորներ ենք բերել, գցել ենք փոսերի մեջ, որպեսզի լցվի, կարողանանք քայլել, բայց մի փոքր անձրև էլ գալիս է թե չէ, ընդհանրապես չենք կարողանում քայլել այդ մասով»,- ասում է թաղամասի բնակիչ  Գայանե Ատյանը:  «Արդեն 15 տարի մեր հնարավորության սահմանում, ինչ կարողացել արել ենք, նույնիսկ կես մետր բարձրացել է ճանապարհը, բայց անիմաստ, նույն փոսերը մնում են»,- նշում է Հունան Պետրոսյանը:  Նորագյուղցիներն անցյալ ամառ են դիմել քաղաքային իշխանություններին, որտեղից պատասխան են ստացել՝ բյուջեով նախատեսված չէ այդ ճանապարհները նորոգել: Նոր քաղաքային իշխանությունների հետ էլ հույսեր չեն կապում:  Չնայած  կուզենային, որ այս  հրապարակմանը  արձագանքեին։ Ի դեպ, Նորագյուղում ճանապարհների խնդիրը միակը չէ, խնդիրներ կան նաև տների սեփականաշնորհելու, գազի, ջրի և կոյուղիների հետ կապված: Այդ տարածքում  կոյուղին անցնում է առվի միջով: Սա ըստ թաղամասի բնակչուհու Հասմիկ Գյուրջյանի՝ համաճարակի բուն է: «Ամեն գարուն տրակտորով մաքրում են ոռոգման ջրի մեջի տիղմը, լցնում են թումբի պես ու հեռանում:  Ո՛չ դա հեռացնել կա, ո՛չ առուները բետոնապատել,  ոչինչ չի արվում, ու ամեն օր ոտքով տանում ես տուն էդ ինֆեկցիան, դեղատներից դուրս չենք գալիս»:   Մանրամասները՝ տեսանյութում