Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արման Թաթոյանը հանդիպել է սահմանն ապօրինի հատած ադրբեջանցուն (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
mip

«Այսօր այցելեցի Հայաստանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելու համար ձերբակալված Ադրբեջանի քաղաքացի Էլվին Արիֆ օղլու Իբրահիմովին, ով գտնվում է հիվանդանոցում»,-ֆբ-յան էջում գրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Այցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունը ստորև. 1) Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի կողմից Էլվին Արիֆ օղլու Իբրահիմովին այցի պահին տեղում են եղել փաստաբանը և քննիչը, ովքեր այդ պահին իրականացրել են Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված գործողություններ: Նրանց հետ Պաշտպանը քննարկել է Է. Իբրահիմովի իրավունքներին առնչվող հարցեր: 2) Քրեական վարույթին ներգրավված է ադրբեջաներենի՝ լիցենզավորում ունեցող թարգմանիչ: 3) Էլվին Իբրահիմովի գործին ներգրավված է փաստաբան Հայաստանի հանրային պաշտպանի գրասենյակից: Մարդու իրավունքների պաշտպանի այցի պահին փաստաբանն արդեն ունեցել էր հանդիպում Է. Իբրահիմովի հետ, պարզաբանել նրան իր իրավունքները և ներկայացրել հարուցված քրեական գործի հետ կապված հանգամանքները: 4) Հայաստանի Օմբուդսմանի առանձնազրույցը Էլվին Իբրահիմովի հետ տեղի է ունեցել ադրբեջաներենի թարգմանչի մասնակցությամբ: Մարդու իրավունքների պաշտպանը Էլվին Արիֆ օղլու Իբրահիմովին է ներկայացրել իրեն հասկանալի լեզվով տեղեկություններ ստանալու և թարգմանչի միջոցով հաղորդակցվելու, իրավաբանական օգնություն ստանալու, արտաքին աշխարհի, այդ թվում՝ ընտանիքի հետ կապ հաստատելու իրավունքները և այլն: Է. Իբրահիմովին պարզաբանվել է, որ անհրաժեշտության դեպքում կարող է անմիջականորեն զանգահարել Պաշտպանի աշխատակազմի թեժ գծի 116 հեռախոսահամարին, որն ակտիվ է 24 ժամ՝ անկախ աշխատանքային օրերից: 5) Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ առանձնազրույցի ընթացքում Է. Իբրահիմովը ցանկություն է հայտնել հանդիպելու իր ընտանիքի անդամներին՝ որդուն, հորը, մորը, եղբորն ու քրոջը կամ խոսելու նրանց հետ և խնդրել է Պաշտպանի աջակցությունը այդ հարցում: շԱրման Թաթոյանը հարցը քննարկել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրենի հետ՝ հաշվի առնելով ընտանիքի հետ կապի կարևորությունը: Ծառայությունը պատրաստակամություն է հայտնել ապահովելու Էլվին Արիֆ օղլու Իբրահիմովի շփումը վերջինիս ընտանիքի անդամների հետ՝ թղթային, հեռախոսային կամ տեսաձայնային կապի միջոցներով: Ավելին, Ծառայությունը պատրաստակամություն է հայտնել նաև կազմակերպելու Էլվին Արիֆ օղլու Իբրահիմովի և նրա ընտանիքի անդամների հանդիպումը Հայաստանի Հանրապետության տարածքում և երաշխավորելու նրանց անվտանգությունը երկրում: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես անկախ պաշտոնատար անձ, պատրաստ է իր լիազորությունների սահմաններում աջակցելու Է. Իբրահիմովի ընտանիքի հետ նրա կապի, այդ թվում՝ հանդիպման կազմակերպմանը: 6) Մարդու իրավունքների պաշտպանի այցին ներգրավվել է նաև Պաշտպանի աշխատակազմի բժիշկը: Ուսումնասիրվել են Է. Իբրահիմովի առողջական վիճակն ու նրա վերաբերյալ բժշկական փաստաթղթերը: Արձանագրվել է, որ նրա առողջական վիճակը բավարար է, հիվանդանոց է ընդունվել աջ ստորին վերջույթի սրունքի ստորին երրորդականի հրազենային վնասվածքով: Հիվանդանոցային պայմաններում իրականացվել է նրա ստորին վերջույթի վրա առկա վերքերի առաջնային վիրաբուժական մշակում և արտաօջախային օստիոսինթեզ: Այցի ընթացքում արձանագրվել է որ նա ստանում է անհրաժեշտ բուժօգնություն և նրան նշանակվել է ռենտգեն հետազոտություն` բուժման արդյունավետ ընթացքն ապահովելու նպատակով: 7) Առանձնազրույցի ավարտին Պաշտպանը Էլվին Արիֆ օղլու Իբրահիմովին է տրամադրել Մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիան՝ ադրբեջաներեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով, ինչպես նաև Հայաստանի Սահմանադրությունը՝ անգլերեն և ռուսերեն լեզուներով: 8) Այցի ավարտից հետո Հայաստանի Օմբուդսմանը խոսել է նաև Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի հետ: Նրան է ներկայացրել տեղեկությունները Էլվին Իբրահիմովի առողջական վիճակի, ինչպես նաև ընտանիքի հետ նրա կապի ապահովման պատրաստակամության մասին: Հիշեցում. Էլվին Իբրահիմովը Հայաստանի Հանրապետության սահմանը հատել է Տավուշի մարզի Բարեկամավան գյուղի մոտակայքում 2019 թվականի մարտի 16-ին՝ ժամը 01:00-01:30-ի սահմաններում: Նա, ըստ իր մոտ հայտնաբերված փաստաթղթերի, Ադրբեջանի քաղաքացի է: Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը Էլվին Իբրահիմովի կողմից ապօրինի հատելու փաստի առթիվ հարուցված է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: