Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ստուգվել են ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ում անձանց պահման պայմանները

Պաշտոնական
dataxaz

ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության և ՀՀ Լոռու մարզի դատախազության կողմից համատեղ ստուգվել են ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ում կալանավորված անձանց և դատապարտյալների հիմնական իրավունքների իրացման, ինչպես նաև պատժի կրման կարգի և պահման պայմանների վիճակը: Ստուգմամբ արձանագրվել են որոշ խախտումներ: Մասնավորապես պարզվել է, որ գրեթե բոլոր խցերում պահվող անձանց քնելատեղերն առանց համապատասխան թույլտվության վարագուրապատված են եղել, իսկ մեկ խցում արձանագրվել է դռան կերակրադռնակի քողարկում, որոնք  ՔԿՀ-ի ծառայողներին հնարավորություն չեն տալիս ամբողջությամբ դիտարկել խցում պահվող անձանց տեղաշարժը: Մի շարք խցերում հայտնաբերվել է ՔԿՀ ներքին կանոնակարգի համաձայն արգելված առարկաներ հանդիսացող ապակյա և մետաղյա սպասքեղեն: Առանձին խցերում արձանագրվել են նաև ձերբակալված և կալանավորված անձանց հատկացված բնակելի տարածության նվազագույն չափերը պահպանելու հետ կապված խախտումներ, որոշ պատժախցերում, հացադուլ հայտարարած և կարանտինում գնտվող անձանց պահելու համար նախատեսված խցերում, ՔԿՀ բաղնիքում առկա է եղել վերանորոգման, սանիտարական մշակում իրականացնելու անհրաժեշտություն: Բացի այդ՝ պարզվել են նաև խախտումներ՝ կապված կալանավորվածներին պահելու վայրի խցում սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման համար հերթապահության սահմանման  և դրա նկատմամբ վերահսկողության իրականացման, պատիժը լրիվ կրելով ազատված դատապարտյալներին նախկին բնակության վայրում հաշվառելու ուղղությամբ սահմանված կարգով միջոցներ ձեռնարկելու գործառույթի իրականացման, ինչպես նաև ուղղիչ հիմնարկում դատապարտյալների մշակութային, լուսավորչական, կրոնական և մարզական ինքնագործ միավորումներ ստեղծելու և դրանց գործունեության ապահովման ընթացակարգերի և չափորոշիչների պահպանման հետ: Պահվող անձանց սննդի տրամադրման գործընթացի ուսումնասիրությամբ պարզվել է, որ մատակարարվող հացը տեղափոխվում է ՔԿՀ-ի հաշվեկշռում գտնվող՝ սանիտարահիգենիկ անվտանգության տեսանկյունից դրան չհարմարեցված բեռնատար մեքենայով: Իրականացված ստուգմամբ ի հայտ բերված խնդիրների վերաբերյալ տեղեկացվել է ՔԿՀ վարչակազմին: ՔԿՀ-ի պետի կողմից հավաստիացվել է, որ սեղմ ժամկետներում արձանագրված թերությունները կվերացնեն, և արդյունքների մասին կհայտնվի ՀՀ դատախազությանը: ՔԿՀ-ի վարչակազմին նաև տրվել են հանձնարարություններ կատարված ուսումնասիրության արդյունքում ձեռք բերված որոշ օպերատիվ հետաքրքրություն ներկայացնող տվյալների իրացման վերաբերյալ:        Ստուգման շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետը և ՀՀ Լոռու մարզի դատախազն անձամբ շրջայց են կատարել ՔԿՀ-ի բոլոր խցերով, առանձնազրույց են ունեցել դրանցում պահվող բոլոր անձանց հետ: Վերջիններից մի քանիսը բողոքներ են ներկայացրել պատժի կրումից պայամանական վաղաժամկետ ազատման գործընթացի վերաբերյալ, ինչն ուսումնասիրվել է և արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել: Մի քանի կալանավորված անձանց ցանկությամբ դատախազների կողմից կատարվել են անհատական ընդունելություններ: Մի շարք կալանավորված անձինք և դատապարտյալներ առաջ են քաշել իրենց քրեական գործերի հետ կապված որոշակի խնդիրներ, որոնց տեղում տրվել են լիարժեք և սպառիչ պարզաբանումներ: