Արմեն Սարգսյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի համազեկուցողներին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է փաստահավաք առաքելությամբ Հայաստանում գտնվող՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգային հանձնաժողովի՝ Հայաստանի հարցերով համազեկուցողներ Յուլյա Լյովոչկինային և Անդրեյ Շիրցելին:

Հանրապետության նախագահը Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից կարևորել է ԵԽԽՎ մոնիտորինգային գործընթացը և ընդգծել, որ մեր երկիրը պատրաստ է կառույցի հետ շարունակել բաց ու անկեղծ երկխոսությունը:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ Եվրոպայի խորհուրդը Հայաստանի համար կարևոր գործընկեր է օրենսդրական բարեփոխումների իրականացման գործընթացներում: Նա բարձր է գնահատել եվրոպական կառույցների կարևոր ներդրումը Հայաստանի զարգացման, ժողովրդավարության ամրապնդման ճանապարհին: 

Մտքեր են փոխանակվել նաև խորհրդարանի դերի, գործառույթների մասին, նշվել է, որ այժմ ավելի են ընդլայնվել նրա հնարավորություններն ու լիազորությունները:

Համազեկուցողները պատրաստակամություն են հայտնել շարունակել իրենց ջանքերը՝ խորացնելու ԵԽԽՎ համագործակցությունը Հայաստանի հետ: