Դատավորին հայտարարվել է նկատողություն

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի 2018 թ. դեկտեմբերի 24-ի որոշմամբ:  Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել ՀՀ գլխավոր դատախա­զության 2018 թ. դեկտեմբերի 12-ին ներկայացված հաղորդումը:

Հարուցված կարգապահական վարույթի արդյունքներով՝ Կարգապահական հար­ցերի հանձնաժողովը 2019 թ. փետրվարի 4-ին որոշում է կայացրել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար Բարձ­րագույն դատական խորհուրդ միջնորդություն ներկայացնելու մասին:

Նշված որոշմամբ արձանագրվել է հետևյալ կարգապահական խախտումը. բավարարելով Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվող Մարինա Սմիրնովայի ձերբակալման դեմ՝ վերջինիս փաստաբանների կողմից բերված բողոքը, ըստ այդմ էլ՝ ոչ իրավաչափ գնահատելով ձերբակալումը և վերջինիս արգելանքից ազատ արձակելով, դատավոր Ա. Դանիբեկյանը թույլ է տվել նյութական իրավունքի խախտում: Մասնավորապես, խախտել է ՀՀ քրեական դատա­վարության օրենսգրքի 478.1. հոդվածը և ակն­հայտ սխալ է մեկնաբանել 131.1. հոդ­վածը:

Ըստ Կարգապահական հարցերի հանձնաժողովի՝ ձերբակալման արձանագրու­թյան թարգմանության օրինակը ձերբակալվածին տրամադրելու ժամկետը պահպա­նելու հարցի իրա­վաչափությունը գնահատելիս, կիրառելի էր ոչ թե ՀՀ քրեական դա­տավարության օրենսգրքի 131.1. հոդվածը, այլ «Քրեական գործերով իրավական օգնությունը միջազգային պայմա­նագրերին համապատասխան» վերտառությամբ 54-րդ գլխի նորմերը, իսկ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումը կամ դատավճիռը պահանջելու վերա­բերյալ դատավորի դիրքորոշումը չի բխում օրենսդրության պահանջներից, քանզի դրանց առկայության հարցերը դատա­րանում կարող են քննարկման առարկա դառնալ ձերբակալված անձի ժամանակավոր կալանավորման կամ հանձնման համար կալանավորման միջնորդու­թյուն­ները քննար­կելիս: Հանձնաժողովը գտել է, որ դատավոր Ա. Դանիբեկյանի գործողություն­ների և դրանցով պայմանավորված հետևանքների արդյունքում հեղինակազրկվել է դատական իշխանությունը, հետևապես, նրա կողմից թույլ տված նյութական իրավունքի նորմերի ակն­հայտ խախտումը կրում է կոպիտ բնույթ:

Բարձրագույն դատական խորհուրդը, դռնբաց նիստում քննության առնելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Դանիբեկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբեր­յալ միջնորդությունը, 2019 թ. մարտի 14-ին կայացված որոշմամբ Կարգապահական հարցերի հանձնաժողովի կող­մից արձանագրված կարգապահական խախտումը գնա­հատեց ակնհայտ և կոպիտ, և ղեկա­վարվելով «ՀՀ դատական օրենսգիրք» սահ­մա­նադ­րական օրենքի 149 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, դատավոր Ա. Դանիբեկ­յանին հայտարարեց նկատողություն:   

 

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն