Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պահպանել ստատուս քվոն, ուժեղանալ և շարունակել բանակցությունները»․ Վազգեն Մանուկյան

Քաղաքականություն
6e01ff7df0ca8e715c04ccf378a4b803

Արցախյան հիմնախնդրի շուրջ տեղի ունեցող գործընթացների շուրջ Անկախը զրուցել է Վազգեն Մանուկյանի հետ։   -Պարոն Մանուկյան, այս օրերին ակտիվորեն քննարկվում է Արցախյան հիմնահարցը։ Ըստ Ձեզ՝ նոր իշխանությունները, մասնավորապես Նիկոլ Փաշինյանը ի՞նչ դիրքորոշում ունեն այդ հարցի վերաբերյալ և ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը այդ դիրքորոշման նկատմամբ։ -Իշխանափոխությունից հետո որոշ հայտարարություններ եղան իշխանական թևի կողմից, որ Ղարաբաղյան շարժման էջը փակվում է, բացվում է նոր էջ, նորը շատ ավելի կարևոր է, քան նույնիսկ Ղարաբաղյան պատերազմի հաղթանակն էր և այլն և այլն։ Այդ բոլոր հայտարարությունները տպավորություն էին թողնում և կասկածներ էին առաջացնում, որ նոր իշխանություններն իրենց վրա պատասխանատվություն չեն վերցնում Ղարաբաղյան հարցի նկատմամբ, և որ դա անցյալից մնացած մի հարց է։ Բայց կամաց-կամաց իրավիճակը փոխվեց, և այստեղ մեծ նշանակություն ունեցավ այն, որ թե՛ Արցախում և թե՛ Հայաստանում հասարակությունն ակտիվորեն բարձրացնում ու կարևորում էԱրցախյանհիմնահարցը՝ իր նպաստավոր լուծման պայմաններով և այլն։ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը, Արցախի ու Հայաստանի անվտանգության խորհուրդների համատեղ նիստը, այնտեղ արտահայտված մտքերը ցույց են տալիս, որ իշխանությունը վերցնում է պատասխանատվություն Ղարաբաղյան հարցի նկատմամբ, ինչը, իմ կարծիքով, ամենակարևորն է։ Իշխանության կատարած քայլերից ի՞նչն է ճիշտ, ի՞նչն է սխալ, ի՞նչ պետք է անել, դա ուրիշ հարց է, բայց այն, որ Հայաստանի իշխանությունները, մեր ժողովուրդը շարունակում է կրել պատասխանատվություն, ամենակարևոր փաստն է, որ կարելի է արձանագրել։ -Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն առաջ է քաշում Արցախյան կողմին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու հարցը, որին, փաստորեն, ԵԱՀԿ Մինսկի խումբը պատասխանեց հայտնի հայտարարությամբ։ Ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ։ -Այս տարիների ընթացքում ես չեմ ճանաչելորևէ քաղաքական գործչի, որը չկարևորի Արցախի մասնակցությունը բանակցություններին։ Եվ պետք է ասեմ, որ նման փորձեր եղել են։ Ճիշտ է, բացահայտ չի հայտարարվել դրանց մասին, բայց փորձեր կատարվել են։ Ես հիմա այդ փորձերի մասին մանրամասն չխոսեմ, դրա մասին շատ լավ տեղյակ է Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, կարող եք իրեն հարցնել։ Ո՞րն է այստեղ խնդիրը։ Այն, որ Արցախիմասնակցությունը բանակցություններին ճիշտ է և շատ լավ մեզ համար, քննարկման ենթակա չէ։ Եթե դա ստացվի, մեծ հաղթանակ կլինի։ Հարցն ուրիշ տեղ է՝ հնարավո՞ր է դրան հասնել, թե՞ ոչ, և այդ ճանապարհինմենք ի՞նչ վտանգների միջով ենք անցնելու։ Նախևառաջ դա անհնարին է թվում, որովհետև, եթե Ադրբեջանը Արցախի հետ մտնի բանակցությունների մեջ, դա անուղղակորեն կնշանակի, որ Ադրբեջանը այս կամ այն ձևով Արցախն ընդունում է որպես պետություն։ Այսինքն, Ադրբեջանն ամեն գնով կփորձի խուսափել դրանից։ Եվ քանի որ դա հասկանում են Մինսկի խմբի համանախագահները, իրենք դա համարում են խոչընդոտ հետագա բանակցություններում, և Մինսկի խմբի վերաբերմունքն արդեն փոխվում է մեր նկատմամբ, ինչից կարող է օգտվել Ադրբեջանը։ Այնպես որայդ վտանգը կա, ընդհուպբանակցային պրոցեսի դադարում կամ տեղափոխում այլ հարթակներ։ Նախորդ տարիների ընթացքում թվում էր, թե մենք անպտուղ բանակցություններ ենք վարում, բայց իրականում այդ բանակցությունները բավականին կարևոր էին։ Առաջինը՝ Արցախի անկախությունը համանախագահների կողմից արդեն ընկալվում է իբրև իրողություն։ Երբ դու 20-30 տարի անկախ ես, որևէ մեկի մտքով չի անցնի, որ կարելի է մի գրչի հարվածով Արցախը վերադարձնել Ադրբեջանի կազմի մեջ։ Այսինքն, այդ տեսակետից ժամանակն աշխատում էր մեր օգտին (գոնե այսքանով)։ Այն երեք սկզբունքները, որ դրված են բանակցությունների հիմքում՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ինքնորոշման իրավունք, իր ներքին հակասություններով հանդերձ մի բանաձև էր, որը, կարծում եմ, հարցի լուծման տեսանկյունից օգտակար էր մեզ համար, արտացոլում էր Արցախի կարգավիճակի հարցը՝ նպաստելով նաև նրան, որ պատերազմը չվերսկսվի։ Ինչ վերաբերում է Մադրիդյան սկզբունքների տարբերակին, ապա համոզված եմ, որ այն իր մեջ պարունակում է վտանգավոր դրույթներ և աշխատող չէ։ Այժմ բանակցությունները կարծես թե մտել են փակուղի։ Ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Արցախի ժողովուրդը երբևէ չեն հրաժարվի Արցախի անկախությունից։ Այդ անկախությունը ձեռք է բերվել քաղաքական և ռազմական ծանր հաղթանակներով, արդեն տասնյակ տարիների իրականություն է, և դա հասկանում են նաև համանախագահող երկրները։ Մյուս կողմից էլ՝Ադրբեջանը ոչ միայն չի համաձայնի Արցախի անկախությանը, այլ արդեն չի համաձայնում նաև Արցախի՝ անկախ լինելու իրավունքին։ Այդ դեպքում որտե՞ղ է հարցի լուծման բանալին։ Ադրբեջանը կարող է փորձելպատերազմի միջոցով վերականգնել իր վերահսկողությունը Արցախի նկատմամբ և ժամանակն օգտագործում էր պատերազմի նախապատրաստվելու համար՝ օգտվելով նավթից եկած գումարներից, ուժեղացնելով իր բանակը և իր ժողովրդին դաստիարակելով ռազմի և ատելության ոգով։ 2016 թ․ ապրիլյան պատերազմի ժամանակ մենք տասնյակ զոհեր տվեցինք, ցավալի կորուստներ ունեցանք, տեսանք բանակի որոշակի թերություններ, բայց այնուամենայնիվ Ադրբեջանը համոզվեց, որ մեր բանակը շարունակում է մնալ այն բանակը, որն իրեն հաղթեց, և որ ինքը չի կարողանալու այս պահին պատերազմի միջոցով հարցը լուծել։ Քառօրյա պատերազմը նաև նպաստեց, որ մեր բանակում բարեփոխումներ լինեն, և մեր բանակն էապես ուժեղացավ։ Հետագայում պատերազմը կանխելուհամար մեզ մնում է մի ճանապարհ՝ ուժեղացնել մեր պետությունը, զարգացնել տնտեսությունը, ձեռք բերել դաշնակիցներ, չանել այնպիսի քայլեր, որ խոչընդոտում են մեր երկրի կտրուկ զարգացմանը, հասարակության մեջ համերաշխություն սերմանել, որպեսզի Ադրբեջանը երբևէ հավակնություն չունենա պատերազմի միջոցով հարցը լուծել։ Այդ դեպքում Ադրբեջան,ը ուզի թե չուզի, կգնա լուրջ բանակցությունների՝ համակերպվելով իրավիճակի հետ։ Խնդրի լուծման տարբերակներից մեկն էլ այն է, որ համանախագահող երկրներն իրենց վրա վերցնեն հարցի լուծումը ևդա պարտադրեն Հայաստանին, Արցախին ու Ադրբեջանին։ Բայց դա քիչ հավանական տարբերակ է։ -Ստացվում է, որ հարցի լուծում չկա։ Այդ դեպքում ի՞նչ խնդիր են լուծում բանակցությունները, պե՞տք է արդյոք շարունակել բանակցել։ -Կարծում եմ, որ մեր պետությունն ուժեղացնելով, համաշխարհային հայությանը Արցախի հիմնահարցի շուրջ համախմբելով, ինչպես համախմբված ենք Ցեղասպանության հարցի շուրջ՝ մենք պետք է գնանք առաջ՝ չդադարեցնելով բանակցությունները։ Սա մեզ համար միայն Արցախի հարց չէ, սա համազգային հարց է։Բայց բանակցությունները պահանջում են նաև որոշակի փորձ,որոշակի հմտություններ։ Օրինակ, երբ ասվում է, որ դիմացինները կամ միջնորդները պետք է պարզաբանեն բանակցությունների սեղանին դրված փաստաթղթի իմաստն ու բովանդակությունը, դա դիվանագիտական տեսակետից ճիշտ քայլ չէ։ Եթե երկու երկիր պայմանագիր են կնքում, և դրա մեջ կան անորոշություններ, դու չպետք է թողնես, որ դիմացինը կամ երրորդ կողմը պարզաբանի այդ անորոշությունները, այլ դու պետք է թելադրես քո՛ բացատրությունները։ Եթե դիմացինը տա իր բացատրությունը, հետո շատ դժվար կլինի դրա դեմ պայքարել։ Այդ անորոշությունն ինչ-որ իմաստով օգտակար է, և դու պետք է դա օգտագործես քո օգտին։ Այս ամենի հետ մեկտեղ պետք է կարողանանք նաև մեր արժանապատվությունը պահելով՝ անընդհատ խորացնել մեր հարաբերությունները և՛ Ռուսաստանի, և՛ Միացյալ Նահանգների, և՛ Եվրամիության հետ։ Այդ տեսակետից, օրինակ, Յուրի Խաչատուրովի հետ կապված հայտնի դեպքերը բացասական ազդեցին մեր և Ռուսաստանի հարաբերությունների վրա։ Ինձ համար զարմանալի է, որ վիճաբանությունը Հայաստանում երբեմն գնում է այն հարցի շուրջ, թե սիրո՞ւմ ենք ռուսներին կամչենք սիրում, դեմոկրատակա՞ն երկիր է Ռուսաստանը, թե ոչ։ Ռուսաստանն այսօր շատ կարևոր դերակատար է, դու կարողացիր արժանապատվությամբ, առանց ստրկանալու,քո գիծն առաջ տանելով, բայց որպես դաշնակից նրան ընդունել։ Մենք ունենք համընկնող և հակասող շահեր Ռուսաստանի հետ, ինչը բնական է։ Նույնն էլ Միացյալ Նահանգների, Իրանի, ֆրանսիայի և մյուս երկրների դեպքում։ Այդ ամենը պահանջում է մեծ ճկունություն և հմտություններ, իսկ միջազգային ասպարեզում խոսքը խոսք է։ Եթե սովորական կյանքում հնարավոր է իրար «ֆռռացնել», ապա միջազգային հարաբերություններում դա հնարավոր չէ։ Պետք է լինել ճկուն, պետք է լինել համարձակ, բայց զգույշ, պահպանել ստատուս քվոն, ուժեղանալ և շարունակել բանակցությունները։