Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սլավիկը պետք է հաղթեր, սակայն՝ պարտվեց. ըմբշամարտի մարզիչ

Սպորտ
sport-borba-13.03.

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը եւ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական թիմի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանն այսօր ամփոփեցին իրենց սաների ելույթները Սերբիայի Նովի Սադ քաղաքում կայացած Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում: Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբիշ Սլավիկ Գալստյանը եզրափակիչում պարտվել էր իր մրցակցին, չնայած սկզբում հաղթում էր 8:4 հաշվով: «Սլավիկը, բնականաբար, պետք է հաղթեր, քանի որ նա վրացի ըմբիշին աշխարհի առաջնությունում հաղթել էր 10:0 հաշվով: Երեւի, նրա միակ թերությունը հոգեբանական էր: Իմ կարծիքով նա շտապեց, ցանկանում էր ավելի շուտ ու բարձր միավորներով հաղթել: Սակայն վերջին րոպեում մի քիչ թուլություն ցուցաբերեց եւ պարտվեց: Առաջնության մրցավարությունը նորմալ էր, առանց կողմնապահության: Մեր տղաներն էին մեղավոր իրենց պարտություններում: Մարզչական շտաբի կողմից նկատվեցին մեր մարզիկների թերություններն ու առավելությունները: Մեր համար պարզ դարձավ, թե խոշոր մրցաշարերից առաջ ըմբիշների հետ ինչ անհատական աշխատանքներ է պետք  տանել, որպեսզի նրանք երիտասարդական թիմից սահուն տեղափոխվեն մեծահասակների հավաքական», – ասաց Արմեն Բաբալարյանը: Ազատ ոճի ըմբիշներից Վազգեն Թեւանյանը հռչակվել էր Եվրոպայի չեմպիոն, իսկ Խաչատուր Պապիկյանը դարձել բրոնզե մեդալակիր: «Մեր ըմբիշնրը դեռեւս երիտասարդ են, սակայն ունեն ներուժ ու հնարավորություն: Նրանք պարտվեցին հավասար գոտեմարտերում: Կձգտենք նրան, որ հաջորդ մրցաշարերում նրանք եւս պայքարեն մեդալների համար: Արդեն ասել եմ, որ մեծահասակների հավաքականում տեղի է ունենում սերնդափոխություն, ինչը ցույց տվեց նաեւ Հայաստանի առաջնությունը: Երիտասարդների թիմից մեծահասակների մակարդակ անցումը բարդ է, բայց լուրջ աշխատանքներ ենք տանում այդ ուղղությամբ: Դրա համար պետք է, որ պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերեն եւ ըմբիշները, եւ՝ մարզիչները, եւ՝ ֆեդերացիան», - այսպես ամփոփեց իր թիմի ելույթները Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը: