Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի ֆոնդային բորսան առաջին անգամ միացել է Ring the Bell for Gender Equality նախաձեռնությանը

Տնտեսություն Պաշտոնական
Ring-the-Bell-Armenia

Երևան, Մարտի 12, 2019 – Այսօր Հայաստանի ֆոնդային բորսան և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան հնչեցրին բորսայի զանգը՝ հանուն ՄԱԿ-ի կայուն զարգացման 5-րդ նպատակի՝ կանանց և տղամարդկանց հավասարության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման՝ միանալով աշխարհի ավելի քան 80 բորսաների։  AMX Հայաստանի ֆոնդային բորսան և Կենտրոնական դեպոզիտարիան Եվրասիական ֆոնդային բորսաների ֆեդերացիայի (ԵՖԲՖ) հետ համատեղ մասնակցեց Ring the Bell for Gender Equality նախաձեռնությանը։ Միջոցառման նպատակն է նպաստել ՄԱԿ-ի կայուն զարգացման 5-րդ նպատակի՝ կանանց և տղամարդկանց հավասարության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը ֆինանսական ոլորտում։ «Ֆոնդային բորսան առաջնամարտիկ է և օրինակ է ծառայում մասնավոր հատվածի կազմակերպությունների համար կանանց և տղամարդկանց իրավահավասարության պահպանման հարցում։ Կանանց իրավահավասարությունը լավ է ոչ միայն կայուն զարգացման, այլ նաև տնտեսական աճի համար»,- ասաց UN Women ծրագրի տարածաշրջանային համակարգող Մեհջաբին Ալարախիան։ Ring the Bell for Gender Equality միջոցառումների շարքն անց է կացվում արդեն 5 տարի և կազմակերպվում է IFC-ի, SSE-ի, United Nations Global Compact-ի, UN Women-ի, World Federation of Exchanges (WFE)-ի  և Women in ETFs (WE)-ի նախաձեռնությամբ՝ բարձրացնելու տնտեսական ոլորտում կանանց և տղամարդկանց իրավունքների և լիազորությունների հավասարության վերաբերյալ իրազեկվածության մակարդակը և նպաստելու կայուն զարգացմանը։ Այս տարի նախաձեռնությանը միացել է ավելի քան 80 բորսա։ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը ողջունեց մասնակիցներին և հույս հայտնեց, որ հաջորդ տարի միջոցառմանը կմիանան ավելի շատ տղամարդ գործադիր  տնօրեններ՝ հավելելով՝ «Եկեք ամեն օրը դարձնենք կանանց ու տղամարդկանց հավասարության օր»։ Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը ողջունեց հյուրերին և ասաց․«Մեր ընկերության 52%-ը կանայք են։ Ֆոնդային բորսայի հետ աշխատող թրեյդերների 54%-ը կանայք են։  Ներկայում կանայք զբաղեցնում են ՏՏ ոլորտի 38% աշխատատեղերը։ Հետևաբար զարմանալի չէ, որ Հայաստանում հենց ՏՏ ու ֆինանսական ոլորտներն են ճանաչված որպես ամենակայուն ու համեմատաբար ավելի զարգացած։ Այս ամենը վկայում է տնտեսությունում կանանց ներգրավածության կարևորության մասին»։ «Արդեն 10 տարի հանդիսանալով «Գլոբալ կրեդիտ» վարկային կազմակերպության գործադիր տնօրեն՝ սեփական օրինակով կարող եմ փաստել, որ Հայաստանում գենդերային անհավասարության կարծրատիպը վաղուց կոտրված է, առկա է լայն աշխարհայացքի, բաց մտքի տենդենց, և ներկայումս կին ղեկավարն ունի համեմատաբար ավելի շատ հնարավորություններ», - նշեց «Գլոբալ կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպության գործադիր տնօրեն Լուիզա Իգրարյանը։ Ամփոփելով ելույթները՝ Եվրասիական ֆոնդային բորսաների ֆեդերացիայի փոխքարտուղար Արմենուհի Հովակիմյանն ասաց․«Առաջին անգամ է, որ ԵՖԲՖ-ն միանում է նախաձեռնությանը, և առաջին անգամ է, որ մենք կհնչեցնենք զանգը Հայաստանում կանանց ու տղամարդկանց իրավահավասարության համար։ Բարձրացնելով կանանց իրավահավասարության վերաբերյալ իրազեկվածության  մակարդակը, որը ՄԱԿ-ի կայուն զարգացման 5-րդ նպատակն է՝ մենք մի քայլ առաջ ենք գնում՝ ոգեշնչելով կանանց և աղջիկներին ստանալու կրթություն, լինելու վստահ և քաջ։ 5-րդ Ring the Bell for Gender Equality-ի կարգախոսն է՝ «Մտածել հավասար, կառուցել խելամտորեն և նախաձեռնել փոփոխություններ»։ Ես չեմ կարող ասել ավելին։ Վաղ մանկությունից զարգացումը և կրթությունը պետք է սկսեն և հիմնվեն հավասարության գաղափարի վրա՝ բոլոր ոլորտներում ու իրավիճակներում»։   Հայաստանի ֆոնդային բորսայի մասին Հայաստանի ֆոնդային բորսան տրամադրում է ամբողջապես ավտոմատացված առևտրային համակարգ և առևտրի իրականացման հարմարավետ պայմաններ: 2009 թվականի հունիսից Հայաստանի ֆոնդային բորսան նաև հանդիսանում է «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի 100% բաժնետոմսերի սեփականատեր: