Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եթե Ստեփանակերտն ու Բաքուն անմիջական շփում չունենան, արդյունք չի լինի. Հայկ Խանումյան

Կարևոր լուրեր Հարցազրույց
hayk_khanumyan

«Ա1+»-ի հարցերին պատասխանում է Արցախի Հանրապետության «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ, ԱՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը: -Պրն Խանումյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Արցախի Հանրապետությունում աշխատանքային այցով գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ այսօրվա նիստում ելույթը: Պարոն Փաշինյանը հայտարարեց, որ  Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության հարաբերությունները թևակոխում են որակապես մի նոր փուլ:  -2018թվականի մայիսի 9-ին, Ստեփանակերտում նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանն արեց հայտարարություններ, որոնք նորություն էին եւ էականորեն տարբերվում էին նախորդ հայաստանյան իշխանությունների հայտարարություններից: Այդ նոր փուլը, կարծում եմ, վերաբերում է Արցախի սուբյեկտայնության բարձրացմանը: Որքանով հասկացա, Հայաստանի նոր իշխանությունների կողմից շեշտը դրվել է Արցախի սուբյեկտայնության բարձրացման վրա: Կարծում եմ՝ հենց այդ նոր փուլի մասին է խոսքը եւ Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը նաեւ դրանով է պայմանավորված: -Պրն Խանումյան, արդյո՞ք հայկական երկու պետությունների  Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը եւ Փաշինյանի ելույթը կապված է օրեր առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության հետ: Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշեց նաեւ, որ  Արցախի ներգրավվածությունը բանակցային գործընթացում  քմահաճույք չէ, ոչ էլ առավել ևս նախապայման, այլ պարզ արձանագրումն այն բանի, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում առանցքային նշանակություն ունի Արցախի ներգրավվածությունը: -ԵԱՀԿ Մինսկի խմբի փաստաթղթերում նշված է, որ Արցախի ժողովրդի կողմից ընտրովի մարմինների ներկայացուցիչները կարող են  ներգրաված լինել  գործընթացին, եւ հետեւաբար  Նիկոլ Փաշինյանն  ասել է պարզ ճշմարտություն, որ պետք է վերադառնանք այդ պայմանավորվածություններին, որոնք ունեցել ենք գործընթացը սկսելու ընթացքում: Կարծում եմ՝ սա կարեւոր հայտարարություն է, կարեւոր է, որ Հայաստանի իշխանությունը սկզբունքային է այս հարցի շուրջ եւ կարեւոր է, որ անընդհատ, հստակ պարզաբանումներ է տրվում, թե միջազգային հանրությանը, թե Ադրբեջանին այս հարցի շուրջ: Եթե ուզում ենք իրականում, որ բանակցություններն արդյունք ունենան, պետք է Բաքուն եւ Ստեփանակերտը, անմիջականորեն իրար հետ շփում ունենան: Պետք է ասեմ, որ հակամարտության պատմության ընթացքում, պայմանավորվածություններ եղել են միայն այն ժամանակ, երբ Ստեփանակերտը եւ Բաքուն անմիջական շփումներ են ունեցել եւ անմիջական պայմանավորվածություններ են ունեցել:  -Պրն Խանումյան, ո՞վ պետք է ներկայացնի Արցախի Հանրապետությունը բանակցային գործընթացում: -ԵԱՀԿ փաստաթղթերում դա ֆիքսված է՝ Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչները: Այսինքն՝ տվյալ դեպքում Ազգային ժողովի պատգամավորներն են,  այս պահին, կարող է ներգրավված լինել Արտաքին գործերի նախարարը,  իսկ 2020 թվականից հետո նրանց կմիանա նաեւ ընտրված նախագահը: -Իսկ ինչպիսի՞ տրամադրություններ են Արցախում՝ գործընթացին Արցախի ներգրավածության  վերաբերյալ: Քաղաքական ուժերը, որոնք հրապարակային հայտարարություններ արել են տարիներ առաջ կամ հիմա, կամ տարիներ շարունակ, բոլորն էլ պնդել են, որ Ստեփանակերտը պետք է մասնակցություն ունենա մասնակցություններին եւ հստակորեն արտահայտել են նաեւ իրենց տեսակետները՝ Մադրիդյան փաստաթղթի կետերի շուրջ, որոնք վերջերս համանախագահները մեկ անգամ եւս իրենց հայտարարությամբ հանրայնացրին: Քաղաքական ուժերն էլ իրենց հստակ տեսակետներն են արտահայտել այդ հայտարարության շուրջ:    Զրուցեց Տաթեւիկ Ազիզբեկյանը