Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՖՖ-ն մերժել է «Յունիոր ՖԱ»-ի եւ «Լոկոմոտիվ ՖԱ»-ի դիմումները

Սպորտ
gag

Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակում կայացել է ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) հերթական նիստը: Ինչպես հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, նիստի ընթացքում քննության են դրվել ՀՀ Բարձրագույն խմբի 2018/2019թթ. առաջնության մասնակից 9 ակումբների՝ «Ալաշկերտ», «Շիրակ», «Փյունիկ», «Գանձասար-Կապան», «Բանանց», «Արարատ», «Արցախ», «Արարատ-Արմենիա», «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա» եւ ՀՀ Առաջին խմբի առաջնությունում հանդես եկող «Էրեբունի», «Յունիոր», «Լոկոմոտիվ», «Երեւան» ֆուտբոլային ակումբների արտոնագրային ոչ ֆինանսական չափանիշի փաստաթղթային փաթեթները, որոնցով նրանք դիմել էին Ազգային արտոնագիր ստանալու համար: Այդ արտոնագրերը նրանց իրավունք կընձեռեն մասնակցելու ՀՀ Բարձրագույն խմբի 2019/2020թթ. մրցաշրջանի առաջնությանը, որը մեկնարկելու է 2019 թվականի օգոստոսին: Արտոնագրման կոմիտեն կայացրեց միաձայն որոշում, ըստ որի Ազգային արտոնագրեր շնորհվեցին թեկնածու ակումբներից 10-ին՝ «Ալաշկերտ ՖԱ», «Շիրակ ՖԱ», «Փյունիկ ՖԱ», «Գանձասար-Կապան ՖԱ», «Բանանց ՖԱ», «Արարատ ՖԱ», «Արցախ ՖԱ», «Արարատ-Արմենիա ՖԱ», «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա» եւ «Երեւան ՖԱ»: ՀՖՖ-ին նախապես ուղղված դիմումի համաձայն «Էրեբունի ՖԱ»-ն հետ էր կանչել իր արտոնագրման գործընթացին մասնակցելու դիմումը, ուստի «Էրեբունի» ֆուտբոլային ակումբի փաստաթղթերը քննության չառնվեցին: Արտոնագրման կոմիտեն նաեւ որոշեց մերժել «Յունիոր ՖԱ»-ի եւ «Լոկոմոտիվ ՖԱ»-ի արտոնագրման դիմումները` ՀՖՖ Ակումբների արտոնագրման կանոնակարգի (2018թ. խմբագրություն) պահանջներին չհամապատասխանելու պատճառով: Ակումբներն իրավունք ունեն բողոքարկելու ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) կայացրած որոշումները 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում` սահմանված ընթացակարգի համաձայն դիմելով ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Բողոքարկման կոմիտե (Բողոքարկման մարմին): Ազգային արտոնագրերի շնորհումից հետո ակումբները կմասնակցեն ՈՒԵՖԱ-ի արտոնագրային գործընթացին եւ կսկսեն նախապատրաստել իրենց ֆինանսական փաստաթղթային փաթեթները վերոնշյալ արտոնագիրը ստանալու համար: Այդ գործընթացին մասնակցության դիմում են ներկայացրել ՀՀ Բարձրագույն Խմբի 2019/2020թթ. առաջնության մասնակից 9 ակումբներից 8-ը: