Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ապագա ռազմական բժիշկը

00016.MTS_snapshot_00.00_2019.03.04_13.02.30

 «Ցանկացած տղայի կյանքում կա իդեալ, որին ցանկանում է նմանվել: Ինձ համար դա իմ հայրն է եղել: երբ հարցնում էին՝ ինչ ես ուզում դառնալ, ասում էի՝ հայրիկ եմ ուզում դառնալ ու զինվոր»,-ասում է  Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանող Կորյուն Մկրտչյանը։ Նա  պատմում է՝ ինչպես  է ընտրել այս մասնագիտությունը։ «Ծնվել եմ երկրաբանի ընտանիքում: Պապիկս ՀՀ և ԽՍՀՄ վաստակավոր երկրաբան է եղել ու իր կյանքը նվիրաբերել է մասնագիտությանն ու իր երկրին: Հայրս և հորեղբայրս էլ երկրաբաններ են: Ես էլ ցանկացել եմ դառնամ երկրաբան, բայց հետո մտափոխվեցի: Ընտրությունս կանգնեց բժշկության վրա»,- պատմում է  նա: Կորյունը փոքր ժամանակ վախենում էր բժիշկներից, նույնիսկ սարսափում , բայց հետո այդ վախը իսպառ վերացավ. « Երևի թե նրանից, որ երբ հասկանում ես որևէ բանի էությունը, սկսում ես չվախենալ»: Իսկ ինչո՞ւ ռազմական  բժիշկ։ «Հայրիկիս պապիկը եղել է ցարական բանակի սպա և դարձել է բոլշևիկյան բռնաճնշումների զոհը: Հայրս ծառայել է սովետական բանակում, հետագայում արցախյան պատերազմը սկսելուն պես, որոշել է գնալ պատերազմ: Սերնդե սերունդ փոխանցվել է սերը երկրին ծառայելու:  Զինվորական գործը փոքրից մնացել էր մեջս ու երբ իմացա, որ Երևանի պետական բժշկական համալսարանում կա ռազմաբժշկական ֆակուլտետ, հասկացա, որ դա այն մաքսիմալ լավ ընտրությունն է, որովհետև դա իմ սիրած ու նախընտրած երկու մասնագիտությունների համատեղումն է»,- եղավ պատասխանը։ «Ռազմաբժշկի մասնագիտությունը պատասխանատու ու բարդ գործ է, բայց կփորձեմ արդարացնել»,-խոստանում է  Կորյունը։