Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պարոն Մարուքյան, ինչո՞ւ է ձեզ թվում, որ դուք մարդասեր եք, մենք՝ ոչ. «Իմ քայլի» պատգամավոր (տեսանյութ)

Հասարակություն
maruqyan-nkar

Ազգային ժողովում պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը առաջարկում է ՀՀ Քրեական օրենսգրքում լրացում կատարել։ Մասնավորապես՝ նա  առաջարկեց նախնական կալանքի 1 օրը դարձնել 1. 5 օր։ Նախագիծը շրջանառության մեջ է դրված եղել դեռևս համաներումից առաջ, այն կառավարության կողմից բացասական եզրակացություն է ստացել։ «Նախագծով առաջարկում ենք միայն հետադարձ ուժ տալ, այսինքն` ապագայի վրա չտարածել, որովհետև մենք համաձայն ենք կառավարության հետ, որ այսօր չկա գերծանրաբեռնվածություն, մեկ ակտով լուծել այս խնդիրը և շարժվել առաջ»։ Մարուքյանը վստահեցնում է՝ նախագծով մարդու իրավունքների խախտումները վերականգնում են։ «Իմ քայլից» պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը նկատեց՝ այս նախագծից կօգտվեն ավելի ծանր հանցագործություն կատարած անձինք,  և չեն օգտվի միջին ու թեթև հանցագործություն կատարած անձինք: Կառավարության ներկայացուցիչ Արտակ Ասատրյանն էլ նշեց, որ կառավարությունը առաջարկում է, որպեսզի նախագիծը անփոփոխ մնա: Մարուքյանը հիշեցրեց՝ նախկինում իշխանության դիտարկումները լսելուց հետո  նախագծում փոփոխություններ են կատարել, հիմա էլ են պատրաստ լսել նրանց, բայց առաջարկներ չեղան: Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ դիմելով Էդմոն Մարուքյանին շեշտեց. «Պարոն Մարուքյան, ինչո՞ւ է ձեզ թվում, որ դուք մարդասեր եք, մենք՝ ոչ»: Մարուքյանն էլ  նշեց՝ ես ձեզ չեմ վիրավորում և մեղադրում:  Վլադիմիր Վարդանյանը հավելեց. «Իհարկե, հարցը վերաբերում է չափազանց զգայուն թեմայի: Իրոք, մարդիկ սպասում են, իրոք, ազատազրկումը ծայրահեղ միջոց է անձի իրավունքների սահմանափակմանը, հասկանում եմ, ինչո՞ւ է այսօր հասարակությունը այս աստիճան հետաքրքրվում  այս հարցով, որովհետև ամեն մեկն ինչ-որ առումով՝ բարեկամ, հարազատ, մտերիմ, ընկեր ունի, որը գտնվում է քրեակատարողական հիմնարկում»: Հանձնաժողովում նախագիծը չընդունվեց ձայների 9 դեմ, 5 կողմ, 1 ձեռնպահ  հաշվարկով: