Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը ներդաշնակեցնում է անտառների մոնիթորինգի համակարգը.ՄԱԿ

Քաղաքականություն
antar

Վերջին տարիներին Հայաստանում տեղի են ունեցել զգալի կառուցվածքային փոփոխություններ, որոնք իրենց ազդեցությունն են ունեցել անտառային տնտեսության վրա։ Անտառները, որոնք նախկինում գտնվում էին Գյուղատնտեսության նախարարության ենթակայության տակ, ներկայում Բնապահպանության նախարարության պատասխանատվության ներքո են՝ բնության հատուկ պահպանվող տարածքների հետ միասին։ Այս փոփոխությունները հնարավորություն են տալիս ունենալ անտառների մոնիթորինգի եւ կառավարման ավելի ներդաշնակեցված եւ ավելի ծախսարդյունավետ համակարգ, ինչպես նաեւ ստեղծում են պատեհություն՝ անտառների կայուն կառավարման նպատակով ազգային մակարդակի չափանիշների եւ ցուցանիշների մի համախումբ վերջնական տեսքի բերելու համար։ Այս համախումբը, որը վերջին տարիներին մշակվել է բազմաթիվ շահագրգիռ կողմերի մասնակցություն ապահոված գործընթացի միջոցով, վերաբերում է անտառներին առնչվող այնպիսի հարցերի, ինչպիսիք են անտառածածկ տարածքների սահմանները, կենսաբազմազանությունը, սոցիալ-տնտեսական ներազդեցությունները, ինչպես նաեւ արտադրողական ու պաշտպանիչ գործառույթները։ Համախումբը ձգտում է թափանցիկ ձեւով չափել անտառտնտեսության անտառային տնտեսության թիրախներին հասնելու գործում Հայաստանի առաջընթացը, այդ թվում՝ անօրինական ծառահատումների կրճատումը եւ անտառների ու անտառային հողատեսքերի պաշտպանությունը, եւ այդպիսով այն աջակցում է որոշումների ապացուցահեն կայացմանը։ Չափանիշների ու ցուցանիշների այդ համախումբը նաեւ կարող է համահունչ լինել անտառի ազգային նոր ծրագրի մշակմանը։ 2019 թ. փետրվարի 20-22-ը անտառային տնտեսության ավելի քան 30 ազգային փորձագետներ հավաքվեցին մայրաքաղաք Երեւանում՝ ՄԱԿ ԵՏՀ-ի եւ ՊԳԿ-ի կողմից կազմակերպված աշխատաժողովի շրջանակում վերանայելու եւ վերջնական տեսքի բերելու չափանիշների ու ցուցանիշների համախումբը։ Հայաստանը մաս է կազմում «Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում անտառների կայուն կառավարման հաշվետվականության համակարգեր» ծրագրին, որը ֆինանսավորվում է Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման հաշվի կողմից, որն այս գործընթացում աջակցում է մի քանի երկրների։ «Այս աշխատաժողովի արդյունքները կարող են էապես նպաստել Հայաստանում տեղի ունեցած դրական փոփոխություններին՝ նպատակ ունենալով ընդլայնել հաշվետվականությունն ու թափանցիկությունը անտառների ոլորտում», - նշեց Բնապահպանության նախարարության Անտառային կոմիտեի նախագահի տեղակալ Վահե Մացակյանը։ 2017 թվականին Հայաստանը վավերացրել է Փարիզի համաձայնագիրը՝ հանձն առնելով, այլ պարտավորությունների թվում, երկրի անտառածածկ տարածքների մակերեսը մինչեւ 2050 թվականը ավելացնել ու հասցնել 20.1 տոկոսի։ Արդեն մի քանի տարի է, ինչ Հայաստանում անտառների մոնիթորինգի նպատակով օգտագործվում են հեռավար զոնդավորման տեխնոլոգիաներ։ Որպես հետեւանք՝ անտառների մասին տեղեկությունները պարբերաբար թարմացվում եւ հասանելի են, ինչը թույլ է տալիս երկրի անտառների պատմական վիճակի վերաբերյալ հանգել եզրակացությունների։ Այս տեղեկություններն օգտագործվում են, այլ նպատակների թվում, մշտադիտարկելու եւ կառավարելու անտառային հրդեհները, անտառածածկ տարածքների փոփոխություններն ու էկոհամակարգի առողջությունը։ «Կենսական նշանակություն ունի անտառների մոնիտորինգի գործունակ համակարգի ստեղծումը, ինչը հնարավորություն կտա գնահատել անտառվերականգնման ջանքերի առաջընթացն ու որակը», - շեշտեց ՄԱԿ ԵՏՀ/ՊԳԿ Անտառտնտեսության եւ անտառանյութի հարցերով բաժնի ղեկավարի տեղակալ Էքրեմ Յազիչին [Ekrem Yazici]։ Մշակելով ազգային մակարդակի չափանիշների ու ցուցանիշների համախումբ՝ Հայաստանը հետեւում է 23 երկրների, որոնք արդեն իսկ օգտագործում են այս մոտեցումը, որը խոստանում է ընդլայնել անտառների կենսակայուն կառավարման շուրջ դիսկուրսն ու հաղորդակցությունը։   ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն