Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կամերային նվագախումբը համերգ նվիրեց հիմնադրի հիշատակին

Մշակույթ Պաշտոնական
hamerg

Հայաստանի պետական կամերային նվագախումբը հանդես եկավ հիմնադրի՝ դիրիժոր, ջութակահար Զարեհ Սահակյանցի հիշատակին նվիրված համերգով: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան լեփ-լեցուն դահլիճում անցկացված երեկոյին ՀՊԿՆ-ը ելույթ ունեցավ դիրիժոր Հմայակ Դուրգարյանի ղեկավարությամբ: Երեկոյին ներկայացվեցին  Ֆելիքս Մենդելսոնի Սիմֆոնիա թիվ 3 (Շոտլանդական) և Էդուարդ Էլգարի Ինտրոդուկցիա և Ալեգրո օp. 47 լարային քառյակի և նվագախմբի համար ստեղծագործությունները: «Զարեհ Սահակյանցը ոչ միայն Կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարն էր, այլև իմ մտերիմ ընկերը, որն իր ամբողջ կյանքի ընթացքում մշտապես օգնել է ինձ: Մենք օր չէր լինում, որ չշփվեինք Զարեհ Սահակյանցի հետ: Մեծ ցանկություն կար նրան նվիրված համերգ կազմակերպել»,-նշում է Հմայակ Դուրգարյանը: Դիրիժորը մեծ սիրով է վերհիշում Զարեհ Սահակյանցի հետ հանդիպումները: Փաստում է՝ Սահակյանցը շատ մեծ գործ է արել Հայաստանում կամերային երաժշտության զարգացման համատեքստում: Եթե չլիներ Կամերային նվագախումբը, հայ կոմպոզիտորները կամերային երաժշտություն չէին գրի, ինչը շատ կարևոր ու հեռատես քայլ էր: Համերգի ընթացքում նվագախմբի հետ հանդես եկավ նաև Steinway հանրահայտ ընկերության արտիստ, դաշնակահարուհի Օլգա Զադոն (Ուկրաինա/Գերմանիա): Դաշնակահարուհին Կամերային նվագախմբի հետ ներկայացրեց Լյուդվիգ վան Բեթհովենի դաշնամուրի և նվագախմբի համար Կոնցերտ թիվ 3-ը: Զադոն Վլադիմիր Հորովիցի, Սերգեյ Պրոկոֆևի անվան միջազգային մրցույթների դափնեկիր է, ինչպես նաև հատուկ մրցանակի է արժանացել Վլադիմիր Կրայնևի անվան մրցույթում, եղել է Վլադիմիր Սպիվակովի անվան բարեգործական հիմնադրամի կրթաթոշակառու: Երեկոյի ընթացքում որպես մենակատարներ ներկայացան նաև ջութակահարներ Աստղիկ Վարդանյանը և Ռազմիկ Հովհաննիսյանը, ալտահար Դավիթ Աբրահամյանը (Իսպանիա), թավջութակահար Հակոբ Աթյանը: Համերգային երեկոն եզրափակվեց ջերմ ծափահարություններով՝ Սիբելիուիսի Valse triste-ի հնչյունների ներքո: