ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում դեմոկրատ թեկնածուների թիվը շարունակում է աճել (տեսանյութ)

Վերմոնթ նահանգից ընտրված սենատոր Բերնի Սանդերսը, որն իրեն անվանում է դեմոկրատ սոցիալիստ, որոշեց մեկ անգամ եւս իր թեկնածությունը դնել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում։ Նրա խոսքերով, իր ընտրարշավը կենտրոնանալու է այնպիսի կառավարություն կազմելու ու տնտեսություն կառուցելու անհրաժեշտության վրա, որոնք ՝՝բխում են ժողովրդի մեծամասնության շահերից, այլ ոչ թե ծառայում են փոքրամասնությանը՛՛։

Սակայն բնությունն ավելի լավ պահպանելու, հարուստների համար առանձին հարկեր սահմանելու, բժշկական պետական ապահովագրական ընկերություններն ընդլայնելու դեմոկրատների ներկայացրած ծրագրերը սուր քննադատության են արժանանում հանրապետականների, այդ թվում՝ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից։
՝՝Այսպիսով կան մարդիկ, ովքեր փորձում են սոցիալիզմ ներդնել այստեղ՝ Միացյալ Նահանգներում։ Ու ես նորից ասում եմ, որ ամբողջ աշխարհը լսի. Ամերիկան երբեք չի լինի սոցիալիստական երկիր, երբեք՛՛, հայտարարում է Թրամփը։

Դեմոկրատները սակայն, ինչպես վերլուծաբան Լարրի Սաբաթոն է ասում, միշտ էլ մասնատված են եղել գաղափարախոսության շուրջ։ Ու դա է նրանց համար ամենալուրջ խնդիրը, ասում է նա։

Բրուքինգզի հաստատությունից Էլեյն Քամարքի խոսքերով, դեմոկրատների աջակից ամերիկացիներն ուզում են տեսնել ավելի երիտասարդ ու ավելի աշխույժ թեկնածուների։ ՝՝Նրանք ուզում են տեսնել մեկին, որը նման չէ Դոնալդ Թրամփին՛՛, ասում է նա։

Բայց ամենակարեւորը նրանց համար պետք է լինի այնպիսի թեկնածուի ընտրությունը, որն ունակ է հաղթել Թրամփին։ Այս մասին է ասում վերլուծաբաններից Ջիմ Քեսլերը։
՝՝Եթե որեւէ թեկնածու գնա դեպի ձախ, այնքան, որքան Բերնի Սանդերսը, այդ թեկնածուն շատ խոցելի կլինի Թրամփի դիմաց՛՛, ասում է նա։
Մինչեւ ընտրություններն ընկած այս փուլն է՛լ ավելի կհետաքրքրանա, երբ նախագահական ընտրություններում դեմոկրատ թեկնածուների թիմը համալրվի նախկին փոխնախագահ Ջո Բայդընով եւ Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքըլ Բլումբերգով։