Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նորոգել ճաշարանները, բարձրացնել սննդի որակը. Փաշինյանը՝ զինծառայողների սննդի մասին (տեսանյութ)

Պաշտոնական
_0DZYRlL1KU

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարության նիստի մեկնարկին գործադիրի բոլոր անդամները գրքեր են նվեր ստացել: «Գիրք նվիրելու օրվան հաջորդող կառավարության նիստում այսօր բոլորս նվերներ ունենք, տարբեր գրքեր են:  Շնորհակալություն նվերների համար և հաճելի ընթերցանություն եմ մաղթում բոլորիդ»,-նշել է վարչապետը:  ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության ներքո գտնվող զորամասերի և այլ ստորաբաժանումների զինծառայողների համար սննդի կազմակերպման արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է «Փորձնական ծրագիր իրականացնելու և գնման գործընթաց կազմակերպելու մասին» որոշում: Ըստ հիմնավորման՝ ներկայումս սննդի կազմակերպման գործող ձևաչափի պարագայում հաճախակի են դարձել սննդի կազմակերպման գործընթացը բազմաթիվ օղակների բաժանված լինելու հանգամանքով պայմանավորված խնդիրները: Մասնավորապես՝ նախարարությունը կազմակերպում է սննդամթերքի առանձին տեսակների գնման գործընթացներ, որոնց մի մասը չի կայանում, կնքված պայմանագրերը հաճախ միակողմանի լուծվում են պայմանագրային պարտավորությունները չկատարելու հիմքով և այլն: Արդյունքում խաթարվում է այս կամ այն սննդամթերքի մատակարարման գործընթացը և սննդի պատրաստման ժամանակ ստիպված այդ սննդամթերքը փոխարինվում է այլ սննդամթերքով, ինչը սակայն երբեմն արժանանում է ոչ դրական արձագանքի: Խնդիրներ են առաջանում նաև սննդի պատրաստման գործընթացում՝ կապված ձեռք բերվող սննդամթերքի և պատրաստվող սննդի որակի հետ: Մեկ այլ խնդիր է նաև Զինված ուժերում ձեռք բերված սննդամթերքի ընդունման և բաշխման շղթան՝ իր բազմաթիվ կոռուպցիոն ռիսկերով: Որպես խնդրի ճիշտ լուծում, ուսումնասիրելով նաև տվյալ ոլորտում միջազգային պրակտիկան, նախատեսվում է կոնսոլիդացնել նշված առանձին օղակները, որը հնարավոր է միայն պարենավորման կազմակերպումը մասնավոր անձին պատվիրակելու միջոցով: ՀՀ զինված ուժերում սննդի կազմակերպման գործընթացը մասնավոր գործընկերոջը պատվիրակելու փորձնական ծրագիրն իրականացնող հնարավոր ընկերություններ բացահայտելու և ծրագրի տեխնիկական առաջադրանքի և ֆինանսական գնահատականի հստակեցման նպատակով www.procurement.am և ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական www.mil.am կայքերում 2018 թ. դեկտեմբերի 4-ին հրապարակվել է հայտարարություն, որը տարածվել է նաև զանգվածային լրատվության այլ միջոցներով: Հետաքրքրվածության հայտեր են ներկայացրել  երկու ընկերություններ, որոնց հայտերի ուսումնասիրման և գնահատման արդյունքները ներկայացվել են ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի  նիստի քննարկմանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ որոշման նպատակն է պետբյուջեով, առանց  զինված ուժերի սննդի ապահովմանը հատկացված միջոցներն ավելացնելու՝ մի քանի անգամ բարձրացնել սննդի որակը: «Նպատակը շատ լավն է, և այն գործընկերները, որոնք պետք է ներգրավվեն, պետք է պարտավորություն ունենան կապիտալ նորոգել  ճաշարանները, բարձրացնել սննդի որակի, մատակարարման և անվտանգության մակարդակը, պաշտպանել աշխատատեղերը՝ վերապատրաստումների միջոցով նույն մարդկանց ներգրավելով»,- ասել է  վարչապետը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ այս հարցում պետք է բացառվեն կոռուպցիոն ռիսկերը և օր առաջ զինվորների սննդի որակի հարցը լուծեն: «Մենք այստեղ պետք է 100 տոկոսով վստահ լինենք, որ կոռուպցիոն որևէ ռիսկ չունենք: Այս ընթացքում մենք աշխատել ենք այդ պրոբլեմի վրա, ներգրավվել են իրավապահ մարմինները, արել ենք բացահայտումներ և այլն, բայց դրանից իրականությունը, ճիշտն ասած, չի փոխվել: Իհարկե, շատ մեծ, էական  փոփոխություններ արվել են, բայց դրանք շրջադարձային համարել չի կարելի: Հիմա  մեր խնդիրն է այս  մեխանիզմով ապահովել շրջադարձային փոփոխություն, որը  կլինի  հեղափոխական մեր զինվորներին սնունդ մատակարարելու առումով», - ընդգծել է վարչապետը: