Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր. չսպիացող վերք» գրքի շնորհանդես ՀՀ ԱԳՆ-ում (տեսանյութ)

Քաղաքականություն
agn-9

Փետրվարի 20-ին ՀՀ ԱԳ նախարարությունում տեղի ունեցավ դեսպան Արշակ Փոլադյանի՝ «Լեռնային Ղարաբաղի հինմնախնդիր. չսպիացող վերք» արաբերեն լեզվով գրքի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա էին ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, արտգործնախարարության ղեկավարությունը, դիվանագետներ, գիտական և դիվանագիտական շրջանակի ներկայացուցիչներ, լրագրողներ: Միջոցառման սկզբում գրքի վերաբերյալ գիտական զեկույցով հանդես եկավ Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի գիտական քարտուղար, ԵՊՀ դոցենտ Արթուր Իսրայելյանը, ով իր խոսքում ընդգծեց աշխատության գիտական արժեքը՝ ներկայացնելով գրքում տեղ գտած ժամանակագրական և փաստագրական մի շարք տվյալներ: Շնորհանդեսի մասնակիցեներին ուղղված իր խոսքում գրքի հեղինակ Արշակ Փոլադյանն ընդգծեց արաբախոս ընթերցողի սեղանին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը փաստարկված և համակողմանի ներկայացնող աշխատության հայտնվելու կարևորությունը:      Ողջունելով ներկաներին՝ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը շնորհակալություն հայտնեց Արշակ Փոլադյանին այս կարևոր նախաձեռնությունն իրականացնելու համար: «Մենք՝ հայերս, բավական ինքնավստահ և հպարտ ժողովուրդ ենք, գիտենք մեր պատմությունը, գիտենք և գնահատում ենք մեր ինքնությունը: Մենք որևէ մեկից մեզ ավելի բարձր չենք դասում, բայց գիտենք այն քաղաքակրթական արժեքը, ներդրումը, որ մենք դարեր շարունակ ունեցել ենք մարդկության պատմության մեջ: Եվ այդ առումով այն, ինչը վերաբերում է Արցախին, մեր եղբայրներին և քույրերին, վերաբերվում է յուրաքանչյուրիս, յուրաքանչյուր հայի՝ անկախ նրանից, թե որտեղ է նա բնակվում, որովհետև Արցախն իր մեջ մարմնավորում է այն, ինչը մեզ բոլորիս համար հավաքական առումով նշանակում է մեր ինքնության պաշտպանություն»: Նախարար Մնացականյանը նաև հակիրճ անդրադարձավ ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ունեցած հանդիպմանը՝ մասնավորապես նշելով, որ այն հնարավորություն ընձեռնեց անդրադառնալու խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակներում տեղի ունեցած վերջին հանդիպումենրի ընթացքում բարձրացված հարցերին: