Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լուիզ Մանուկյան-Սիմոնը մշտապես եղել է հայրենիքի, հայ եկեղեցու ու ժողովրդի կողքին. Բաբկեն Տեր Գրիգորյան

Պաշտոնական
luiz-simon

Սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանը ցավակցել է Լուիզ Մանուկյան-Սիմոնի ընտանիքի անդամներին ԱԶԳԱՅԻՆ ՄԵԾ ԲԱՐԵՐԱՐ ԼՈՒԻԶ ՄԱՆՈՒԿՅԱՆ-ՍԻՄՈՆԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՍԻՐԵԼԻ՛ ԱՆԴԱՄՆԵՐ, ՀԱՐԱԶԱՏՆԵՐ, ԸՆԿԵՐՆԵՐ, Խորը վշտով ստացա ազգային մեծ բարերար, նվիրյալ գործիչ և բոլորիս համար օրինակելի հայ Լուիզ Մանուկյան-Սիմոնի մահվան բոթը: Ապրելով հայրենիքից հեռու, լինելով ազգանվեր ծնողների՝ Հայաստանի Ազգային հերոս Ալեք Մանուկյանի և տիկին Մարի Մանուկյանի զավակը՝ Լուիզ Մանուկյանը մշտապես եղել է հայրենիքի, հայ եկեղեցու ու ժողովրդի կողքին, աջակցել ու սատարել Հայաստանին, եղել մեր դեսպանն աշխարհում: Անուրանալի է նրա գործունեությունը հայկական մեծ տան՝ ՀԲԸՄ-ի ներսում: Այսօր արդեն Լուիզ Մանուկյան-Սիմոնը մեր կողքին չէ, սակայն մեզ հետ է նրա փառահեղ ճանապարհը, որն անցնելիս նա դարձավ հայրենիքին պատուհասած աղետալի երկրաշարժից տուժածներին համահայկական օգնության գործի գլխավոր նախաձեռնողներից ու կազմակերպիչներից մեկը,  կանգնեց նորանկախ Հայաստանի, Արցախի կողքին, իր անգնահատելի նպաստը բերեց Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի հզորացմանը:  Նա կրթեց սերունդներ Հայաստանում ու Հայաստանից դուրս, և այսօր Լուիզ Մանուկյան-Սիմոն շնորհիվ մենք Երևանում ունենք Ամերիկյան համալսարանը, որը եզակի է տարածաշրջանում։ Պատահական չէր, որ ազգային նվիրյալ գործիչը նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամ էր: Եվ այսօր առավել քան երբեք, մենք պիտի երախտիքի ու գնահատանքի անկեղծ խոսքեր հղենք տիկին Լուիզի լուսավոր հիշատակին և խոնարհվենք նրա տեսակի առջև: Խորին ցավակցություններս եղբորը՝ Ռիչարդ Մանուկյանին, երեք զավակներին¸ թոռներին, ընտանիքի մտերիմներին։ ՀԱՐԳԱՆՔՈՎ՝ Սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող ԲԱԲԿԵՆ ՏԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ