Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ոչինչ չեն անում, դիտահորը բացում-փակում են ու թողնում գնում են». բնակիչը դժգոհ է Վեոլիա Ջրից (տեսանյութ)

Հասարակություն
ditahor-nkar

Փետրվարի 11-ին Պռոշյան 21/1 հասցեի  բնակիչ Ռուզաննա Բայրամյանի տան դիտահորը խցանվել էր: Ըստ նրա՝ հենց նույն օրն ահազանգել է «Վեոլիա Ջուր» ընկերությանը և տեղեկացրել, որ դիտահորի խցանումը մաքրելու համար անհրաժեշտ է փչող մեքենա, բայց ընկերության աշխատակիցները առանց դրա են ժամանել:  «Գալիս են իրենք, այնքան որ ներկայություն ապահովելու համար, ոչինչ չեն անում, դիտահորը բացում-փակում են ու թողնում գնում են»:  «Վեոլիա ջրի» աշխատակիցները նշել են, որ դիտահորի խցանումը կապված է տան ներքին ցանցի հետ, իրենք ոչնչով չեն կարող օգնել: Ըստ տան բնակչուհու՝ նախկինում էլ է նման խնդիր ունեցել, կրկին դիմել է նրանց, բայց ոչ մի օգնություն չի եղել: «Որպեսզի ես դիմացինին ապացուցեմ, որ դա իմ ներքին ցանցից չէ,  ես  ցանցը վերից վար վերանորոգել եմ, որի կարիքը ամենևին չկար, որի պատճառով կրել եմ նյութական մեծ վնաս: Այս ամեն ինչը անելուց հետո նորից իրենք  պնդում են, որ իմ ներքին ցանցն է: Հիմա ինձ խորհուրդ են տալիս, որ իմ անձնական միջոցներով փչող մեքենան ձեռք բերեմ և լուծեմ այս խնդիրը»: Ռուզաննա Բայրամյանը դիմել է նաև քաղաքապետարան, որտեղից նույնպես պատասխանել են, որ խնդրի լուծումը կախված չէ իրենցից: «Հիմա ես մնացել եմ ինքս ինձ հետ: Երեկ և այսօր դիտմամբ չեմ զանգել «Վեոլիա Ջուր», թողել եմ ջուրը հոսի: Իմ տանից 50 մետր է մեր վարչապետի ամառանոցը, ամեն օր իրենք այդ կողմով գնում-գալիս են, թողել եմ, որ ջուրը հոսի ու այնտեղ հասնի, որպեսզի  այնտեղ մեկը տեսնի ու զեկուցի, որ նման խնդիր կա, գուցե այս ձևով ես կարողանամ ազդել նրանց վրա»,- վրդովված նշեց տիկին Ռուզաննան: Այս օրերին տան բնակիչները չեն կարողանում լիովին օգտվել ջրից, եթե խողովակները բացեն, հոսող ջուրը ավելի կվարարի: «Եթե մենք անխիղճ գտնվենք և ջուրը անվերջ բաց թողնենք, դա, հավանաբար, կհասնի մինչև Դեմիրճյան փողոց»:  Տան բնակչուհին վճռական է տրամադրված,  եթե խնդրին լուծում չտրվի, ապա նա կդիմի դատարան:  Մենք կապվեցինք «Վեոլիա Ջուր» ընկերության հետ, պարզելու թե ի՞նչն է խնդիրը, որ վերոհիշյալ խնդրին լուծում չի տրվում: Ընկերության մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանը նշեց, որ այս պահին տեղում չէ, որևէ տեղեկություն տրամադրել չի կարող, խոստացավ երկուշաբթի օրը պարզաբանում տալ: Մանրամասն՝ տեսանյութում: