Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժամանակն աշխատում է մեր օգտին. Վազգեն Մանուկյան

Քաղաքականություն
6e01ff7df0ca8e715c04ccf378a4b803

-Պարոն Մանուկյան, ո՞ր գործոններն ու պայմաններն են ապահովում երկրի պաշտպանունակության մակարդակը, եւ այժմ դրանք որքանո՞վ են նպաստավոր Հայաստանում: -Բանակների ուժը գնահատվում է, այսպես ասած, երկու բաղադրիչների արտադրյալով: Առաջին բաղադրիչը ներառում է երկրի նյութական կարողությունները՝ համախառն ներքին արդյունքը, բանակի սպառազինության մակարդակը եւ այլն: Երկրորդ բաղադրիչը վերաբերում է բնակչության բարոյահոգեբանական նկարագրին. որքանով է ժողովուրդը լավատես իր ապագայի հանդեպ, պետական ծրագրերն ու նպատակները որքանով են սրտամոտ ժողովրդին եւ հարիր նրա աշխարհընկալմանը, հոգեկերտվածքին ու գաղափարներին, որքանով է հասարակությունը պատրաստակամ պաշտպանելու երկրի սահմանները և այլն: Այս երկու բաղադրիչները կարող են տարբեր համամասնությամբ փոխլրացնել միմյանց: Օրինակ՝ Արցախյան պատերազմի ժամանակ Ադրբեջանը հայկական կողմին գերազանցում էր և՛բնակչության թվով, և՛ համախառն ներքին արդյունքով, և՛ սպառազինությամբ, այսինքն՝ առաջին բաղադրիչը անհամեմատ մեծ էր, բայց մենք կարողացանք հաղթել պատերազմում երկրորդ բաղադրիչի շնորհիվ, որովհետև մեծ էր մեր ժողովրդի՝ իր ազգային շահերը պաշտպանելու պատրաստակամությունը, Արցախի փրկության համար ամենաթանկ գինը վճարելու ներքին մղումը, հավատը սեփական ուժերի հանդեպ, միասնականությունը… -Խաղաղության տարիներին ինչպե՞ս փոխվեցին երկրի պաշտպանունակությունը պայմանավորող բաղադրիչները Հայաստանում և Ադրբեջանում: -Խաղաղության տարիներին Ալիևը և նրա վարչակազմը փորձում էին ամեն գնով իրենց երկրում բարձրացնել երկրորդ բաղադրիչը: Բայց ատելության, վրիժառության քարոզը, հետևողականորեն թշնամու կերպար ձևավորելը, որն իբր խլել է ադրբեջանցիների պատմական հայրենիքը, միջազգայնորեն անընդունելի էր: -Եթե Արցախում ապրած, Արցախյան հողի վրա կենսագրություն ունեցող ավագ սերունդը իր ծննդավայրը պաշտպանելու մղում ու խթան չգտավ իր մեջ 90-ականների սկզբին, Արցախը չտեսած երիտասարդ սերնդի հոգում ատելության ու վրիժառության քարոզը հայրենասիրության ի՞նչ չափաբաժին պիտի ձևավորեր: Այն էլ այն դեպքում, երբ Ադրբեջանն ընկղմված է կոռուպցիայի մեջ, ու երկրի հարստությունը տնօրինում են մի քանի ընտանիքներ: -Բնականաբար, անիմաստ էր մեծ արդյունք հուսալը: Ադրբեջանը զուգահեռաբար մեծացնում էր մյուս բաղադրիչները՝ սպառազինության մակարդակը, զարգացնում էր տնտեսությունը… Արցախյան պատերազմի ժամանակ Ադրբեջանը սպառազինությամբ 20 անգամ գերազանցում էր Հայաստանին: Խաղաղության տարիներին մենք կարողացանք էականորեն նվազեցնել այդ տարբերությունը և ստեղծել անհրաժեշտ հավասարակշռություն: Ինչ վերաբերում է Հայաստանի բնակչության բարոյահոգեբանական վիճակին, անկեղծ ասած, ես կարծում էի, որ խաղաղության տարիներին մենք էական կորուստ ենք ունեցել այդ դաշտում: Սոցիալական անարդարությունը, կոռուպցիան, անօրինականությունները, կենսամակարդակի բևեռացումը, արտագաղթը կոտրում էին մարդկանց հավատը ապագայի հանդեպ, թուլացնում ոգին: Օբյեկտիվ պատճառներն՝ իրենց հերթին, մի կողմից էլ իր սև գործն էր անում երկրի վիճակը հնարավորինս մռայլ գույներով ներկայացնող ներքին քարոզչությունը: -Եթե երկրի գույները մռայլ են, չի՞ կարելի խոսել այդ մասին: -Ես նկատի ունեմ չափազանցված բացասական գնահատականները, որոնք համահունչ չէին իրավիճակին: Եվ ես կարծում էի, որ երկրի պաշտպանունակության գնահատման երկրորդ բաղադրիչը՝ ժողովրդի ոգին, էապես թուլացել է: Սակայն ապրիլյան պատերազմը հակառակն ապացուցեց: Մենք տեսանք, որ հակառակ ներքին բոլոր խնդիրներին, մեր ժողովրդի, երիտասարդ սերնդի հոգում չի նվազում հայրենիքի սահմանները պաշտպանելու մղումը: Եթե մեր երկիրը հաղթահարի սոցիալական անարդարությունը, մեղմի կոռուպցիան և լուծի այն կենսական, կարևոր խնդիրները, որոնք չլուծվեցին նախկին իշխանությունների օրոք, ապա մեր ժողովրդի հոգեբանական պաշտպանունակությունն է՛լ ավելի կմեծանա: Եվ այս բաղադրիչը կարող է վճռորոշ լինել մեզ համար: -Պարոն Մանուկյան, կոռուպցիան, սոցիալական անարդարությունը, կենսամակարդակի բևեռացումը բնորոշ են գրեթե բոլոր հետխորհրդային երկրներին, ինչո՞վ է սա պայմանավորված: -Նախկին հետխորհրդային երկրները կամովին ընտրեցին կապիտալիզմի ուղին, որտեղ անկախ սոցիալական անարդարությունից և կոռուպցիայից, առաջանում է հասարակության շերտավորում: Եվ բոլորովին պարտադիր չէ, որ հարստանան խելացի ու հարուստ հոգեկան աշխարհով մարդիկ: Պարադոքսալ բան պիտի ասեմ. երբեմն խելքի ու զգացական աշխարհի մեծ չափաբաժինը կարող են խանգարել բիզնեսին ու դառնալ խոչընդոտ մեծ հարստություն կուտակելու ճանապարհին: Այսինքն՝ հավասարության ոգով դաստիարակված խորհրդային սերունդը պիտի ունենար անարդարության զգացողություն հասարակության շերտավորումից, և այն պիտի սրվեր, երբ օբյեկտիվ գործընթացներին միանային կոռուպցիան, անօրինականությունը, անիրավահավասարությունը և այլն:   Մանրամասն՝ այստեղ