Փաշինյանի ճակատին գրված է սը-տա-խոս. Պարույր Հայրիկյան (տեսանյութ)

Ազգային ինքնորոշում միավորման նախագահ Պարույր Հայրիկյանի համոզմամբ՝ կառավարության ծրագրին հավատալու ոչ մի հիմք չկա, պատճառը նախորդում տրված խոստումների չկատարելն է։

«Այսօրվա հեղափոխականների կառավարությունը  ստախոսների կառավարություն է։ Նրանք ամենակարևոր հարցերում ստախոս են, ինչ էլ որ գրեն կառավարության ծրագրում, միևնույն է ստելու են։ Նախորդում խոստումներ էին տվել, որ Ընտրական օրենսգիրքը  վատն է, պետք է փոփոխվի,  դա չկատարվեց քմահաճույքով։ Հիմա ինչը պիտի ինձ ստիպի, որ ստախոսի այսօրվա արած հայտարարություններին  հավատամ, երբ իր  ճակատին գրված է սը-տա-խոս»։

 Հայրիկյանը զղջում է, որ Հայաստանում գարնանը տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ինքն առաջինն էր, որ կոչ արեց քաղաքացիներին միանալ շարժմանը։ Այն ժամանակ, ըստ Հայրիկյանի՝ այլ ակնկալիքներ ուներ։

«Ես ներողություն եմ խնդրում իմ հայրենակիցներից, ովքեր, որ հավատալով իմ խոսքին, միացան այս շարժմանը, բայց մեր կոչը այն ժամանակ ստախոսի մասին չէր, այն ժամանակ մենք տեսնում էինք իշխանությունը քաղաքացիներին փոխանցելու պատրաստ ուղի։ Առաջինը մենք ենք կոչ արել միանալ, հիմա էլ բոլորին նախազգուշացնում եմ՝ գործ ունեք մեր պատմության մեջ բացառիկ ստախոսի հետ»։

Ղարաբաղյան հակամարտության խնդրի վերաբերյալ կառավարության որդեգրած քաղաքականությունը  անընդունելի է համարում։ Սկզբունքային ռազմավարական դիրքորոշում  չի արտահայտվել։ Կառավարության ղեկավարի այն հայտարարությունը, թե Արցախը պետք է բանակցային կողմ դառնա, նույնպես չի կատարվել։ Նոր կառավարությունը շարունակում է վարել Սերժ Սարգսյանի որդեգրած  արտաքին քաղաքականությունը։

«Այս հարցում նույնպես այս ստախոսները հետևողական չեն, սրանց համար սեփական խոսքի նկատմամբ պատասխանատվությունը բացակայում է»։

 Պարույր Հայրիկյանը անձամբ է Նիկոլ Փաշինյանին ներկայացրել Սահմանադրության նախագիծը, որն ըստ նրա՝ կնպաստեր հեղափոխական փոփոխություններին, բայց այն վարչապետի կողմից հավանության չի արժանացել։ Պատճառաբանությունը հետևյալն է եղել.

«Հավատարիմ եմ Սերժ Սարգսյանի որդեգրած ուղեգծին, պիտի լինի նրա Սահմանադրությունը։ Իրեն ձեռնտու է Սերժ Սարգսյանի հագով կարածը, սրանք Նիկոլ Փաշինյանի խոսքերն են»։

 Ինչ վերաբերում է 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ ստեղծվածին, Հայրիկյանը շեշտեց, որ այսօր ակնհայտ տեղի է ունենում մարդու իրավունքների խախտում։

«Մարդու իրավունքների նկատմամբ կա քամահրական վերաբերմունք։ Մարդու նախնական կալանքի  հարցը արդարացված է միայն այն դեպքում, երբ ինքը սպառում է նախաքննությանը և չի ուզում գրավ տալ։ Ռոբերտ Քոչարյանին ես չեմ սիրում, ինքը իմ աչքի լույսը չի, ես իրեն համարում եմ մեր պատմության  բացասական կերպարներից մեկը, բայց այսօր իմ նախասիրություններին հետևելով ես չեմ կարող ասել՝ ախ, ինչ լավ է բռնեցին, ես հո անուղեղ չեմ։ Այսօր արդարադատությունը իրականացնելիս տեղի է ունենում մարդու իրավունքների խախտում։ Ռոբերտ Քոչարյանը պարտադիր չէ, որ լիներ կալանավայրում։  Գործի քննությամբ չեն զբաղվում, այլ զբաղված են հանրային կրքերը բավարարելու հիվանդագին մոլուցքով»։