Խայտառակություն. «Այաքսի» մարզիչը՝ «Ռեալի» հետ խաղի մրցավարության մասին

Ամստերդամի «Այաքսի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Ռեալի» հետ խաղից հետո դժգոհել է մրցավարությունից: Պատճառն այն է, որ սլովենացի մրցավար Դարիո Սկոմինան խաղասկզբում չի հաշվել հոլանդացիների խփած գոլը՝ դիմելով տեսակրկնությունների համակարգի օգնությանը:

«Դա խայտառակություն էր: Մրցավարները մեզ մի քանի պատճառաբանություններ բերեցին՝ դարպասապահին խանգարելը, խաղից դուրս վիճակը եւ այլն: Դիտել եմ այդ տեսակրկնությունը, սակայն այն հարկավոր էր եւս մեկ անգամ նայել, այլ անկյունից: Չեմ կարծում, որ այդ դրվագում խաղից դուրս վիճակ կար», – հոլանդացի մասնագետի խոսքերը մեջբերում է իսպանական AS թերթը:

Հավելենք, որ գոլի խփելու պահին հաշիվը եղել է 0:0: Խաղն ի վերջո ավարտվել է «Ռեալի» հաղթանակով՝ 2:1: Վճռորոշ գոլը 87-րդ րոպեին խփել է մադրիդցիների կիսապաշտպան Մարկո Ասենսիոն:

Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մարտի 5-ին, Մադրիդում: