Պահանջում են ծրագիր՝ հետհեղափոխական հասարակությանը արժանի

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի հայտարարությունը

ԿԱՐԾԻՔ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

2019թ. փետրվարի 6-ին ՀՀ կառավարության կողմից հրապարակվեց ՀՀ կառավարության հնգամյա ծրագիրը (հետայսու տեսքստում՝ Ծրագիր): Որոշակի խմբագրական աշխատանքներ անցնելուց հետո այն հաստատվեց 2019թ. փետրվարի 8-ին՝ ՀՀ կառավարության արտահերթ նիստի ընթացքում, և ներկայացվեց Ազգային ժողովի հաստատմանը:

Ընդհանուր դիտարկումներ Ծրագրի վերաբերյալ.

ՀՀ կառավարության 2019թ. ծրագիրը բաղկացած է ութ գլուխներից, որոնք ներառում են   «Կառավարության գործունեության հիմնարար ուղենիշերը», «Արտաքին և ներքին անվտանգության ապահովումը», «Պայքար կոռուպցիայի դեմ», «Ազատ, արժանապատիվ և երջանիկ քաղաքացի», «Մրցունակ, մրցակցային և ներառական տնտեսությունը», «Տարածքային կառավարումը, տեղական ինքնակառավարումը և ենթակառուցվածքները», «Բարձր տեխնոլիգիաները, թվայնացումը և ռազմարդյունաբերությունը», «Պետական ֆինանսների կառավարումը» գլուխները: 

Որպես ընդհանուր և ամբողջական դիտարկում՝ հարկ ենք համարում ընդգծել հետևյալը.

 

  • Ծրագիրը շատ թույլ է արտացոլում ՀՀ 2018 թվականի ապրիլի ժողովրդական շարժման հիմնական խնդիրները և ակնկալիքները:
  • Ծրագիրը հիմնված է նախորդ Կառավարության մոտեցումների վրա և չի ներկայացնում հետագա ժողովրդական և հետհեղափոխական հասարակության զարգացման հիմնական ձեռքբերումների տեսլականը: Այսինքն՝ Ծրագիրը ոչ թե արձանագրում է  զարգացման միտումներ, այլ հիմնված է գոյություն ունեցող վիճակը կայունացնելու մոտեցման վրա:
  • Ծրագրի մշակման աշխատանքները մասնակցայնություն չեն ապահովել, և քաղաքացիական հասարակության կողմից մինչև Ծրագրի հրապարակումը ներկայացված առաջարկները մնացել են անարձագանք:

   

Որպես ՀՀ կառավարության խնդիրներ՝ Ծրագրով առանձնացվել են տնտեսական գործունեության հնարավորությունների ընդլայնումը, պետական կառավարման արդյունավետության բարձրացումը, մարդկային ներուժի զարգացումը, հուսալի ենթակառուցվածքների զարգացումը և հասանելիության ընդլայնումը:

Միաժամանակ, որպես ծրագրի հիմնական և համակարգային խնդիր անհրաժեշտ է փաստել, որ Ծրագրով հստակեցված և ամրագրված չեն կոնկրետ ոլորտներում առկա հիմնական խնդիրները, դրանց լուծմանն ուղղված հիմնական մոտեցումները, սկզբունքները: Ծրագիրն անչափելի է, անկանխատեսելի՝ ակնկալվող արդյունքների և այդ արդյունքներին ուղղված հնարավոր գործողությունների նախագծման առումով: Այն ենթակա չէ  արդյունավետ հաշվետվողականության և չի նախատեսւոմ վերահսկողության հնարավորություն:

Չնայած Ծրագրի հեղինակների ողջունելի և դրական մտադրություններին՝ ներկայացված չեն դրանց իրագործման հնարավոր մեխանիզմները, ինչը ծրագրի նպատակների և խնդիրների իրագործման տեսանկյունից որոշակիություն չի ապահովում:

Կարծում ենք, որ նման տարբերակով ձևավորված Ծրագիրը հնարավորություն չի տալիս ՀՀ Կառավարության ենթակա մարմիններին մշակել և ապահովել հնգամյա գործողությունների ծրագիրը, քանի որ վերջիններիս համար հստակ առաջադրանքներ, ըստ էության, չի սահմանում:  

 

Մինչդեռ ՀՀ Կառավարության 2015թ հունվարի 22-ի նիստի Ն2 որոշմամբ ընդունվել և մինչ օրս գործում է ՀՀ-ում Հայեցակարգերի, Ռազմավարությունների, ծրագրերի կազմման մեթոդական ուղեցույցը, որի հիմնական նպատակն է ապահովել ինչպես ռազմավարությունների, այնպես է ծրագրերի կազմման միասնական մոտեցում:

Վերոնշյալ ուղեցույցի պահանջները  Կառավարության Ծրագրի ձևաչափի, նպատակների, խնդիրների ներկայացման մասով չեն պահպանվել:

 

Կոնկրետ դիտարկումներ Ծրագրի առանձին ոլորտների վերաբերյալ.

 

Մարդու իրավունքներին և դատական իշխանությանը վերաբերող դրույթները սահմանված են Ծրագրի «Ազատ, արժանապատիվ և երջանիկ քաղաքացի» գլխում:

Որպես դատական համակարգի անկախության ապահովման երեք հիմնական պայմաններ Ծրագրով նշվում են.

  • իշխանական կամ որևէ այլ օղակներից դատավորների գործունեությանն ապօրինի միջամտելու գործելակերպի բացառումը,
  • դատավորների կողմից անձնական, նյութական շահագրգռվածությամբ՝ կաշառքով, առաջնորդվելու հնարավորության բացառումը,
  • դատավորների մասնագիտական ունակությունների բարձրացմանն ուղղված ջանքերի գործադրումը:

Ծրագիրը, սակայն, նշում չի պարունակում վերոգրյալ պայմանների ապահովմանն ուղղված իրավական երաշխիքների վերաբերյալ: Չնայած կառավարությունը բացառում է իշխանական օղակներից դատավորների գործունեությանն ապօրինի միջամտելու գործելակերպը, սակայն դրա իրավական և ինստիտուցիոնալ որևէ լուծում Ծրագրով չի նախատեսվում:

Ծրագրում որևէ խոսք չկա դատական իշխանության և իշխանության մյուս ճյուղերի միջև փոխզսպումների համակարգի, ինչպես նաև դատարանների և դատավորների ներքին անկախության ապահովման մեխանիզմների կատարելագործման վերաբերյալ, դատարանների և դատավորների սոցիալ-տնտեսական անկախությունը ապահովելուն ուղղված քայլերի և իրավական մեխանիզմների վերաբերյալ: Նմանապես, բացակայում են դատական իշխանության արդյունավետության բարձրացման վերաբերյալ դրույթներն ու հնարավոր մեխանիզմները:

Չնայած Ծրագրով նշվում է դատաիրավական բարեփոխումների ծրագիր մշակելու և կյանքի կոչելու մտադրության մասին՝ ուղղված դատական համակարգի մատչելիության և արդյունավետության ապահովմանը, այդուամենայնիվ, ինչպես վերը նշվեց, Ծրագրով հստակեցված չեն ո՛չ կոնկրետ կատարման ենթակա գործողությունները, ո՛չ դրանց իրավական հիմքերը, ո՛չ  դրանց ժամկետները: Զարմանալիորեն դուրս են մնացել դատական և իրավական բարեփոխումների 2019-2023թթ-ի ծրագրին հղումները, վերջինիս մեջ բարձրացված գերակա նպատակների և բազմիցս քննարկված խնդիրների վերաբերյալ մոտեցումները:

Օրինակ՝ Ծրագրով նախատեսվում է միջոցներ ձեռնարկել ՀՀ սահմանադրական դատարանի որոշումների և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների պատշաճ կատարումն ապահովելու գործուն մեխանիզմների ներդրման ուղղությամբ: Թեև նպատակը ողջունելի է, այնուամենայնիվ Կառավարությունը չի ներկայացնում ներդրվելիք մեխանիզմի իր տեսլականը, կոնկրետ գործողությունները դրանց ներդրման և գործադրման ուղղությամբ, ինչպես նաև գործողությունների կատարման հստակ ժամկետները: Նույնը վերաբերում է մարդու իրավունքների պաշտպանությանն ու իրավահավասարության ապահովմանն ուղղված նպատակին:

Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարությանն ու ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը, ապա Ծրագրով անդրադարձ չի կատարվում ընտրական գործընթացների կատարելագործմանը, ընտրական օրենսգրքի և կուսակցությունների մասին օրենքի փոփոխություններին, ինչպես նաև ուղիղ ժողովրդավարության զարգացմանը, ինչը ի սկզբանե իշխող կուսակցության առաջնահերթություններից էր:

Միաժամանակ, չնայած Կառավարությունը որդեգրել է կոռուպցիայի դեմ վճռական, հաստատակամ, անզիջում և անհանդուրժողական պայքար մղելու նպատակ, Ծրագրով որևէ գործողություն, որը միտված կլինի կոռուպցիայի դեմ արդյունավետ և ինստիտուցիոնալ պայքար մղելուն, ամրագրված չէ: Այն պարունակում է բացառապես Կառավարության մտադրությունները՝ առանց հստակեցնելու և մանրամասնելու այդ մտադրությունները կյանքի կոչելու մեխանիզմները: Ավելին, Ծրագրում տեղ են գտել հռչակագրային մտադրություններ, օրինակ, ՀՀ-ից դուրս բերված ակտիվները վերադարձնելու ուղղությամբ, որի վերաբերյալ ոչ Ծրագրով, ոչ էլ ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությամբ մոտեցումներ չեն նախատեսվել:  Ավելին, կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ առումով արդեն իսկ ծառացած բացթողումներն ու պրակտիկ խնդիրների լուծումները հասցեագրված չեն: Մասնավորապես ինստիտուցիոնալ առումով անհասկանալի է Կառավարության մոտեցումը գործող Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գոյության ու գործունեության, ինչպես նաև դրան փոխարինելու նպատակով ստեղծվելիք Հակակոռուպցիոն հանձնաժողովի ձևավորման վերաբերյալ, ինչը այս փուլում արդեն Կառավարության՝ կոռուպցիայի դեմ պայքարի նպատակները դարձնում է անիրագործելի և անհետևաողական:

 

Հաշվի առնելով ներկայացված Ծրագիրը և ՀՀ Ազգային Ժողովում Կառարության Ծրագրի քննարկման հնարավորությունը՝ դիմում ենք Ձեզ՝ խնդրելով.

 

  1. Կառավարության Ծրագրի ներկայացման և քննարկման ժամանակ բարձրացնել առանձին ոլորտներում զարգացմանն ուղղված մոտեցումների, ակնկալվող արդյունքների, դրանց ուղղված հնարավոր գործողությունների հստակեցման, կոնկրետացման հարցը:
  2. Ընդգծել և պահանջել, որպեսզի Ծրագիրը բարեփոխվի որպես հետհեղափոխական հասարակության ժողովրդավարական զարգացման ծրագիր, որտեղ հստակորեն կարձանգրվեն ակնկալվող ձեռքբերումները: