«Արցախ ՖԱ»-ն մեկնեց Թբիլիսի

«Արցախ ՖԱ» ֆուտբոլի թիմը փետրվարի 11- 23-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում՝ Թենգիզ Սուլակվելիձեի սպորտային ակադեմիայում։ Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հավաքի ընթացքում «Արցախ»-ը 4 ընկերական հանդիպում կանցկացնի Վրաստանի բարձրագույն խմբի թիմերի հետ։ Մեր թիմի մրցակիցները կլինեն Թելավիի «Կախեթին», «Գագրան», «Մերանին» եւ «ՎԻՏ Ջորջիան»: Խաղերը նախատեսված են փետրվարի 13-ին, 16–ին, 19–ին եւ 22–ին։

Ինչպես նշում է աղբյուրը, հավաքի ընթացքում «Արցախ»–ի կազմում փորձաշրջան կանցնեն Թուրքմենստանի հավաքականի պաշտպան Սերդար Անաօրազովը, ուկրաինացի հարձակողական ոճի կիսապաշտպան Վալերի Գրիշինը եւ մեկ եզրային պաշտպան Վրաստանից։

Հավելենք, որ «Արցախ»–ը այսօր Թբիլիսի է մեկնել սեփական նոր ավտոբուսով: