Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բացահայտվել է գողության դեպքը. քաղաքացուն պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Պաշտոնական
qnn

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է այլ քաղաքացու բանկային քարտով կանխիկացման գործարք կատարած անձի ինքնությունը, պատճառված վնասը վերականգնվել է: 2018 թվականի դեկտեմբերի 1-ին՝ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ 2018 թվականի նոյեմբերի 1-ից մինչև  նոյեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում կորցրել է իր բանկային քարտը, սակայն հետագայում տեղեկացել է, որ նոյեմբերի 16-ին և նոյեմբերի 17-ին Երևանում գործող տարբեր բանկոմատներից կատարվել են կանխիկացման գործարքներ: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում: Քրեական գործով կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով տուժողի գործընկերն է:  Վերջինս հարցաքննվել է որպես կասկածյալ և տվել խոստովանական ցուցմունք: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննության ընթացքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձի կողմից ամբողջությամբ վերականգնվել է տուժողին պատճառված վնասը: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի բաժին