Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խորհրդարանի ղեկավարն ընդունել է Հայաստանում Չեխիայի դեսպանին

Պաշտոնական
ararat

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Միկիսկային: Օրենսդիր մարմնի ղեկավարը նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Չեխիայի հետ հարաբերությունների զարգացումը, բազմոլորտ համագործակցությունն ու միջխորհրդարանական ակտիվ շփումները: Ընդգծելով միջազգային հարթակներում երկու երկրների պատգամավորական պատվիրակությունների սերտ համագործակցությունը՝ Արարատ Միրզոյանը հույս է հայտնել, որ նորընտիր խորհրդարանի առաջիկայում ձեւավորվելիք բարեկամական խումբն իր գործունեությամբ կնպաստի դրանց առավել ընդլայնմանը: Անդրադառնալով Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացին՝ խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել Չեխիայի Սենատի կողմից համաձայնագրի վավերացումը 2018 թ. մայիսի 17-ին եւ հույս հայտնել, որ Պատգամավորների պալատը եւս չի ուշացնի փաստաթղթի ընդունումը: Պետր Միկիսկան Ազգային ժողովի նախագահ ընտրվելու առթիվ Արարատ Միրզոյանին է փոխանցել Չեխիայի Հանրապետության Սենատի եւ Պատգամավորների պալատի նախագահների շնորհավորագրերը: Դեսպանը կարեւորել է Հայաստանում անցկացված արդար, թափանցիկ եւ ժողովրդավար ընտրությունները, որի արդյունքում ձեւավորվել է ժողովրդի վստահությունը վայելող խորհրդարան: Անդրադառնալով երկկողմ հարաբերությունների եւ միջխորհրդարանական կապերի զարգացմանը՝ Պետր Միկիսկան արժեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը բարեկամ երկրների փոխգործակցության ամրապնդման գործում: Դեսպանն իր պատրաստակամությունն է հայտնել օժանդակելու երկկողմ շահավետ ծրագրերի իրագործմանը:  Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ Հայաստանի քաղաքացիներին ԵՄ մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացի դյուրացման շուրջ: