Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարիք չունեմ ասելու, թե որքան կարողություններ ունենք պաշտպանելու թե՛ Արցախը, թե՛ Հայաստանը. ԱԳՆ (տեսանյութ)

Քաղաքականություն
agn-5

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի խոսքը և պատասխանները ԵՄ հանձնակատար Յոհաննես Հաանի համատեղ մամուլի ասուլիսին

  Հարգելի՛ գործընկերներ, բարի օր: Առաջին հերթին ներողություն եմ խնդրում, որ մի փոքր ուշացումով ենք սկսում։ Բավական հետաքրքիր և ծավալուն քննարկումներ ունեցանք Հանձնակատար Յոհաննես Հաանի հետ։ Կուզեմ ևս մեկ անգամ իմ գոհունակությունը և շնորհակալությունը հայտնել Հանձնակատար Հաանին այս այցի համար և այն զրույցի, երկխոսության համար, որ մենք կարողացանք ծավալել այս ժամերի ընթացքում։ Հանձնակատար Հաանն արդեն առիթ է ունեցել հանդիպելու նախագահ Արմեն Սարգսյանի,  վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Մենք նաև շատ գործնական քննարկում ունեցանք փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ներկայությամբ: Ունեցանք նաև պարոն Հաանի հետ մեր առանձնազրույցն օրակարգային բոլոր այն հարցերի շուրջ, որոնք վերաբերում են Հայաստան-Եվրամիություն մեր այսօրվա ընդհանուր օրակարգին։ Եվս մեկ անգամ ընդգծեցինք այն կարևորությունը, որ մենք տալիս ենք մեր հարաբերություններին, այն հիմնարար, հիմնական շարժառիթները, արժեքները, որոնք դրված են Եվրամիության հետ մեր հարաբերությունների հիմքում: Այսօրվա մեր հարաբերությունների իրավական  հիմքը՝ ՀԸԳՀ-ն, մնում է բավական էական, իրավական գործիք մեր ձեռքում, և դրա շուրջ մենք գնահատեցինք այն դինամիկան՝ ինչպես ենք իրականացնում այս գործընթացը և ինչ ծրագրեր ենք նախատեսում այս մոտակա ամիսների ընթացքում, որպեսզի արդյունավետորեն շարունակենք իրականացնել այն գործընթացը, որը վերաբերում է ՀԸԳՀ-ին: Մենք անդրադարձանք նաև վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկի գործընթացին և դրա շուրջ անհրաժեշտ քայլերին: Քննարկեցինք տարբեր, բավական հստակ նախաձեռնություններ, որոնք կօգնեն մեզ կառավարության ծրագիրն իրականացնելիս, մեր գերակայությունները իրականացնելիս, նաև օգտվել ՀԸԳՀ-ի գործիքներից, օգտվել այն գերակայություններից, որոնք արտահայտված են մեր այս համաձայնագրում և իրականացնել Հայաստանի գերակայությունները՝ օգտագործելով համագործակցության այն գործիքները, այն նախաձեռնությունները, որոնք առկա են Եվրամիության հետ համագործակցության շրջանակներում: Մենք անդրադարձանք նաև տարածաշրջանային մի շարք հարցերի: Ընդհանուր առմամբ սա շարունակական գործընթաց է: Մենք ունենք մոտակա ամիսներին մեր երկխոսության և շփումների հստակ ծրագիր, որի մասին, բնական է, ավելի հստակ կարտահայտվենք, երբ կունենանք հստակ ժամկետներ: Բայց արդեն մարտ ամսին մեզ մոտ ծրագրվում է բարձրաստիճան երկխոսության շարունակություն: Մենք այս տարի ունենալու ենք շատ էական տարի, այն առումով, որ Արևելյան գործընկերությունը նշելու է իր 10-ամյակը, և մայիսին նախատեսվում է համապատասխան բարձրաստիճան միջոցառում Բրյուսելում, որը կնշի այս կարևոր տարեդարձը, որը նույնպես հարթակ է մեր երկխոսության համար: Ես վստահ եմ, որ հարցուպատասխանի միջոցով կկարողանանք ավելի ընդարձակ անդրադառնալ ձեզ հետաքրքրող հարցերին: Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում պարոն Հաան: Բարի գալուստ Հայաստան, և հաճույքով խոսքը փոխանցում եմ Ձեզ: Շնորհակալություն: Արմենիա TV. Հարցս ուղղված է արտգործնախարարին: Պարո՛ն նախարար, նախատեսվո՞ւմ է արդեն Ձեր հանդիպումն Էլմար Մամեդյարովի հետ փետրվարին կայանալիք Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում, և արդյոք կարելի՞ է սպասել այդ օրերին չորրորդ ոչ պաշտոնական հանդիպումը Ալիև - Փաշինյան ֆորմատով: Զոհրաբ Մնացականյան․ Շնորհակալություն հարցի համար: Ես ծրագրում եմ լինել Մյունխենում և  հասկանում եմ, որ նաև իմ գործընկեր Էլմար Մամեդյարովն է նախատեսում լինել Մյունխենում, չեմ կարող հաստատել, որ վարչապետը կլինի Մյունխենում: Այս առումով մենք ունեցանք Փարիզի և հետագայում Դավոսի հանդիպումները, որոնք շատ էական էին: Այս հանդիպումների հիման վրա մենք համանախագահների հետ միասին խորհրդակցում ենք՝ ինչպես շարժվել առաջ: Ոչինչ չի բացառվում և, ինչպես որ եղել է ավանդույթը, մենք հանդիպումների մասին նախապես հայտարարում ենք և փորձում ենք համատեղել այդ հայտարարությունները: Հասկանալի է, որ ժամկետները և մնացած հարցերն, իհարկե, մենք փորձում ենք համաձայնեցնել և համատեղել և համապատասխանաբար տեղեկացնել նաև մեր հասարակություններին: Երկիր Մեդիա․ Պարբերաբար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից ժողովուրդներին խաղաղության պատրաստելու հայտարարություններ են ստացվում, երեկ էլ Դուք պարզաբանեցիք, որ այդ հայտարարությունները միտված են լարվածության թուլացմանը և ռիսկերի նվազեցմանը: Ուզում եմ Ձեր ուշադրությունը մի հայտարարության վրա հրավիրել: Երեկ Ադրբեջանի նախագահն է այդ հայտարարությունը արել՝ ուղիղ մեջբերեմ. «մեր աճող ներուժը և երկրի ռազմատնտեսական ուժը, դիրքն աշխարհում այսօր հօգուտ մեզ է աշխատում  և այսօր մեր երկրի դիրքորոշումը բանակցային գործընթացում ուժեղ է»։ Ալիևը ինչպես միշտ նաև խոսել է այսպես ասած տարածքային ամբողջականության մասին և ասել, որ «Ադրբեջանը չի համակերպվի տարածքների գրավման հետ ու նաև հայտարարել է, որ Ադրբեջանն արդեն իր ուժը ցույց է տվել նաև մարտի դաշտում»․ կարծես անուղղակի կերպով սպառնացել։ Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի նախագահի այս հայտարարությունը: Ստացվում է, որ համանախագահները, նաև Դուք, Ադրբեջանի արտգործնախարարը գոհ եք բանակցային գործընթացից, արդյունավետ եք այն համարում, բայց ինչպե՞ս կարող է Ադրբեջանի այս հռետորաբանությունը և խաղաղության թեզը մի հարթության վրա լինել։ Զոհրաբ Մնացականյան․ Շնորհակալություն։ Նորից կրկնեմ այն, ինչ որ երեկ առիթ ունեցա Ձեր գործընկերներին ասելու. մեր դիրքորոշումները և մեր դիրքերը, վստահությունը մեր այդ դիրքերի և դիրքորոշումների հանդեպ, եղել և մնում է շատ բարձր։ Այսինքն, Դուք առաջ եք բերում մի հարց՝ նշելով, որ խախտվում է այն գաղափարախոսությունը, որ համապատասխան մթնոլորտի մեջ պետք է հասնել արդյունքների, որ համապատասխան մթնոլորտը օգտակար է լինելու գործնական աշխատելու խաղաղ գործընթացի ուղղությամբ։ Ձեր բերած օրինակը, Դուք ասում եք, որ դա երե՞կ է եղել։ Շատ ցավում եմ դրա համար։ Մեր դիրքորոշումները ավելի քան պարզ են բոլորիդ, ավելի քան հայտնի են։ Դուք գիտեք ինչպես ենք մենք վերաբերում ստատուսին, գիտեք մենք ինչպես ենք վերաբերում անվտանգությանը։ Ստատուսի հարցը, կրկնեմ, որոշում է Արցախի ժողովուրդը։ Անվտանգության հարցը նշանակում է առկա այն համակարգը, որ ապահովում է անվտանգության համապարփակությունը։ Սա է իրողությունը։ Նորից եմ կրկնում՝ ես կարիք չունեմ ասելու, թե որքան վճռական ենք մենք և որքան կարողություններ ունենք պաշտպանելու թե՛ Արցախը, թե՛ Հայաստանը։ Մենք այդ վճռականությունը ունենք և կարիք չունենք ամեն անգամ դուրս գալու և դրա մասին կրկնելու։ Մենք գիտենք մեր կարողությունները` պաշտպանվելու և վնաս հասցնելու։ Բայց մեր նպատակը դա չէ: Երեկ, երբ ինձ հարց եղավ, խոսել եմ կատաստրոֆայի մասին, հասկանում եք՝ չէ՞, ինչի մասին է խոսքը: Ասել եմ և կրկնում եմ` խոսքը վերաբերում է հետևանքներին, բայց ոչ թե վճռականության պակասին: Մենք գիտենք մեր կարողությունները, բայց մենք ցանկանում ենք խաղաղ ճանապարհով հանգուցալուծել այս գործընթացը։ Դրա համար է, որ նման գործընթացում առաջընթաց ունենալու համար շատ էական է նաև ունենալ նման միջավայր։ Ձեր կողմից բերված այդ հայտարարությունը կամ ինչպես, որ այն հնչել է, ես ճիշտն ասած չեմ տեսել, բայց նման ճանապարհը ողջունելի չէ։ Մենք կարող ենք պատասխանել, կարող ենք օգտագործել մեր կողմից ևս այդպիսի հռետորաբանություն։ Հռետորաբանության օգտագործումից մեր վճռականությունը չի աճում։ Մեր կարողություններն են, որ այսօր առկա են, որոնք արտահայտում են այն ուժը, որ մենք ունենք մեզ պաշտպանելու, Արցախի ժողովրդին պաշտպանելու համար, և բավարար ուժ՝ վնաս հասցնելու։ Դա է նշանակում  հետևանքներ, որոնք վստահ եմ, որ ցանկալի չեն, որ ավելի վատն են, քան խաղաղ ճանապարհով գործընթացին հանգուցալուծում տալը։ Սա է տրամաբանությունը: