Ռոբերտ Քոչարյանին բաց կթողնեն. Գուրգեն Եղիազարյան (տեսանյութ)

«Մարդու իրավունքները մեծ դագանակ է իրենց խելոք չպահողների գլխին: Եթե մարդու իրավունքները մի երկիր  չարաշահում է,  եւ որը իրեն լավ չի պահում, կարելի է օգտագործել, իսկ մնացած դեպքերում կարելի է ուղղակի մարդու իրավունքների կողքից սուսուփուս անցնել»,-խոսելով Հայաստանում մարդու իրավունքների եւ դրանց ոտնահարման մասին, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Ազգային անվտանգության նախարարի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը:

Գուրգեն Եղիազարյանի կարծիքով, Ռոբերտ Քոչարյանին բաց կթողնեն, նա հավատում է Քոչարյանի փաստաբաններին:

«Մեկը մեկից հաջող եւ ուժեղ փաստաբաններ են: Եթե նրանք գործն ուսումնասիրելուց հետո ասում են, որ ջուր է ընդհանրապես, ուրեմն ջուր է: Դրա հիմքը՝ այդպես է ինձ իրավունք տալիս մտածելու՝ ձայնագրություններն են, որոնք այդպես էլ չբացահայտվեցին, ոչ էլ բացահայտվելու են: Պահած ձայնագրություններից պարզ է դառնում, որ  այս ամեն ինչի թիկունքում մեկ մարդ է կանգնած եւ անուն ազգանունը՝ Փաշինյան Նիկոլ: Թե ինչո՞ւ է նա ընկել միայն Ռոբերտ Քոչարյանի հետեւից, ժամանակին կպարզվի»,-ասաց Եղիազարյանը:

«Դուք չապշեցի՞ք, երբ ճաղերի հետեւից դուրս եկավ Մանվել Գրիգորյանը, դա էս իշխանությունների հիմնական ռոլիկն էր գործունեության, էդ Մանվելն էր՝ իր 14 հազար արժողությամբ տուշոնկաներով,  միակ սարսափը  էն երեխայի նամակն էր, ուրիշ բան էդտեղ չկար, մեկ էլ 60 հազար ստրկացած էջմիածնեցիները, մեկ էլ հանկարծ Մանվել Գրիգորյանը դուրս է գալիս բանատխցից, հիմա էլ ասում են, որ Արցախում է: Դատական  համակարգում  բոլոր հարցերը լուծում է մեկ մարդ, ազգանունը՝ Փաշինյան, անունը՝ Նիկոլ»,-վստահեցնում է բանախոսը:

«Էդ պարտադիր չի, որ ինքը դատավորին կանչի, հրահանգի, որ գան էս անեն, կամ էն անեն, նման բան գոյություն չունի, երրորդական-չորորդական դեմքը զանգ կտա դատարանի նախագահին եւ էդ հարցը կլուծվի, ես ունեմ ապացույցներ, որ անձամբ ինքն է բաց թողել Մանվել Գրիգորյանին: Եթե հանկարծ ինչ-որ դատավորի մտքով կանցներ Մանվել Գրիգորյանին բաց թողնել, դուք հիմա պատկերացնո՞ւմ եք՝ ինչեր էր եթերով գնալու, ինչ ելույթներով կլցնեին ողջ համացանցը, ինչ հայտարարույթուններով: Էդ էջմիածնի ճանապարհը փակողների մեջ համարյա էջմիածնեցի չկա, հիմա ինչո՞ւ են Մանվել Գրիգորյանին բաց թողնում, ոչ թե նրա համար, որ հիվանդ է, այլ խնդիրը այլ հարթությունում է:

Նախ եւ առաջ, որպեսզի մենք փնովենք այդ դատական համակարգը, ասենք՝ այ, հերթական այլանդակությունն է, բաց թողեցին Մանվելի պես հրեշին, երկրորդ՝ Նիկոլին օդի պես հարկավոր է, որպեսզի նա ողջ այդ համակարգը հանի փողոց, որպեսզի այդ վճիռները 36 թվականի նման լուծվեն ոչ թե դատական ակտերով եւ դատարանի դահլիճում, այլ այդ խնդիրները լուծվեն փողոցում: Այ հիմա դուրս կգա հերթական կալանավորը, կոնկրետ Ռոբերտ Քոչարյանը, այ էլի կփակեն փողոցը, կպահանջեն, որ դատվի, եւ ոչ մի ապիկարի մտքով չի անցնի, որ ասի, թե ուր են մարդասպանները Մարտի մեկի, էդ Հայկ Հարությունյանը, հայտնի է, որ նրա մարդկանցից երկուսը մարդ են սպանել, մի հատ Հայկի անունը տվող կա՞, ձեւի համար, մեր բոլորի ուշադրությունը պետք է կենտրոնանա Ռոբերտ Քոչարյանի վրա, Ռոբերտ Քոչարյանը իմ բարեկամը չի ամենեւին, կարող ա իրա բարեկամն ա, կամ բարեկամի բարեկամը»:

Քաղաքական գործիչ Ազատ Արշակյանի կարծիքով օրակարգում է արդարադատության համակարգը , ովքեր զբաղվում են  արդարադատությամբ, նրանք անպայման պետք է ենթարկվեն վիրաբուժական, հեղափոխական  բարեփոխումների:

«Պետք է բարձր պրոֆեսիոնալիզմ լինի, որպեսզի մենք քաղաքացիներս չպատժվենք նրանց սխալի պատճառով»: