Հարստացեք և հարստացրեք ուրիշներին. Նիկոլ Փաշինյանը հանդիպել է շվեյցարացի գործարարների հետ (տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ցյուրիխում աշխատանքային ճաշ է ունեցել Շվեյցարիա-Հայաստան առևտրային պալատի ներկայացուցիչների և շվեյցարացի գործարարների հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախկին նախագահ Դոմինիկ դե Բումանը: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որից հետո պատասխանել է հանդիպման մասնակիցների տարբեր հարցերի: Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Հարգելի հյուրեր, Սիրելի հայրենակիցներ, Տիկնայք և պարոնայք, Հաճելի է հանդիպել ձեզ և քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Այս ֆորումը և այս վայրը հնարավորություն են տալիս մեզ միմյանց հարցեր տալ, բացահայտել խնդիրներն ու գտնել այնպիսի լուծումներ, որոնք թույլ կտան ավելի լավ տնտեսական հարաբերություններ հաստատել Հայաստանի և Շվեյցարիայի միջև: Եվ մենք կարող ենք ու պետք է դա անենք միասին: Առաջին հարցը, որին մենք պետք է պատասխանենք, հետևյալն է. որտե՞ղ ենք մենք: Նախքան ապագայի մեր տեսլականը ներկայացնելը՝ եկեք նախ ետ նայենք և քայլ առ քայլ ուսումնասիրենք այն ճանապարհը, որ մեր երկիրն անցել է և ինքներս մեզ հարցնենք` արդյոք մենք ուզո՞ւմ ենք գնալ այդ ուղով: Այժմ Հայաստանը կանգնած է տնտեսական բարգավաճումն ու լճացումը բաժանող խաչմերուկում: Հայաստանում վերջերս տեղի ունեցան պատմական վերափոխումներ: Անցյալ գարնանը տեղի ունեցած թավշյա ժողովրդական հեղափոխությունը հանգեցրեց մեր երկրում ժողովրդավարության հաղթանակին: Անցյալ դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններն էլ ավելի ամրապնդեցին ժողովրդավարական նվաճումները: Այս հիմնարար փոփոխություններն անդառնալի են, նրանք հիմնված են մեր ժողովրդի կամքի վրա և մեր հասարակության մեջ գերակշռող կոնսենսուսի վրա: Այսօր մեր կառավարությունն աննախադեպ բարձր լեգիտիմություն և հանրային աջակցություն ունի: Այսպիսի բարձր հանրային վստահության հիման վրա Հայաստանի կառավարությունն ընդունել է հավակնոտ բարեփոխումների օրակարգ: Որպես արդյունք, Հայաստանում իրավիճակը, ըստ էության, տարբերվում է նրանից, որ մենք ունեինք հեղափոխությունից առաջ: Մասնավորապես, կոռուպցիայի մակարդակը կտրուկ նվազել է. մենք գրեթե մերժել ենք մենաշնորհները. շատ լուրջ միջոցներ են ձեռնարկվել անկախ դատական համակարգի ամրապնդման, իրավունքի գերակայության և բոլոր տնտեսական ու քաղաքական դերակատարների համար խաղի հավասար կանոնների ստեղծման համար: Չնայած կարևոր ոլորտներում արձանագրված նշանակալի առաջընթացին, ինչպիսիք են շուկայի մրցունակության ապահովումը և պետական հատվածում կոռուպցիայի վերացումը, դեռևս մեծ աշխատանք ունենք անելու: Այսօր մենք պետք է կատարենք մեկ այլ հեղափոխություն` տնտեսական հեղափոխություն, մեր ժողովրդի վստահությունը և ակնկալիքներն արդարացնելու համար: ՀՆԱ-ի աճը վերջին տարիներին խոստումնալից էր. 2017 թ. արձանագրված 7.5 տոկոս աճը պահպանվել է 2018 թ. ընթացքում, իսկ կանխատեսումները գերազանցում են 5 տոկոսը: Հայաստանի արժույթի փոխարժեքը և գնաճը մնացին կայուն, դրանով իսկ ի ցույց դրվեց մեր տնտեսության կայունությունն արտաքին և ներքին ցնցումների նկատմամբ: 2017 թ. ՀՆԱ-արտահանում հարաբերակցությունն անցավ 37 տոկոսի շեմը և 2018-ին շարունակվեց ռեկորդային ցուցանիշներով: Այնուամենայնիվ, խոստումնալից միտումները չեն կարող բավարար լինել, եթե ցանկանում ենք ապահովել Հայաստանի արժանապատիվ տեղը համաշխարհային տնտեսությունում: Երկրորդ հարցը` ո՞ւր ենք ուզում գնալ: Մեր ապագա աճի անկյունաքարը կլինի ներդրումային քաղաքականությունը՝ ուղղված արդյունավետ աշխատատեղերի ստեղծմանն ու մրցունակ արտահանմանը: Կառավարությունն ու ժողովուրդը միասնական են այս տեսլականի մեջ: Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ հայ ժողովուրդը ցանկանում է ավելի շատ աշխատանք և ավելի քիչ կոռուպցիա: Արդյունքները կարելի է մեկնաբանել հետևյալ կերպ. Հայաստանի քաղաքացիներն այլևս չեն ցանկանում եկամուտների վերաբաշխում, նրանք հոգնել են արդեն: Հայերն ուզում են տեսնել մեր հայրենիքի տնտեսական աճն ու բարգավաճումը, վաստակելու և հարկ վճարելու իրենց ունակությունն ու հնարավորությունը: Եվ այստեղ ի հայտ է գալիս այն դերը, որ դուք պետք է խաղաք, քանի որ մարդկանց արդյունավետ աշխատելու հնարավորությունը կախված է ձեզնից: Այս գործընթացը հեշտացնելու համար Հայաստանի կառավարությունը որդեգրել է. ա. Բաց դռների քաղաքականություն օտարերկրյա ներդրողների նկատմամբ. մեր քաղաքականության նշանաբանն է՝ հարստանալ և հարստացնել: բ. Ներդրողների կամքի և կարիքների վրա հիմնված հարկային օրենսգիրք, գ. Արտահանման և արդյունաբերական արդիականացման աջակցության այնպիսի մեխանիզմներ, ինչպիսիք են հարկային ու մաքսային խթանները. դ. Քաղաքականություն, որը կապահովի բիզնեսի համար անաչառ և նվազ սահմանափակումներով կարգավորիչ միջավայր: ե. Մենք ապահովել ենք, որ մեր երկրում գործող տնտեսական գործակալներին հասանելի լինեն աշխարհի շուկաները: (Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է և GSP-ի շահառու (մի շարք երկրների հետ, ներառյալ Շվեյցարիան) և GSP+ (ԵՄ-ի հետ): զ. Եվ, իհարկե, մենք երաշխավորում ենք կապիտալի ազատ տեղաշարժն ու սեփականության իրավունքի պաշտպանությունը (ներառյալ մտավոր սեփականության): Այսպիսով, հաջորդ հարցն այն է, թե հայ ժողովուրդն ինչ կարող է առաջարկել՝ ցանկալի հանգրվանին հասնելու համար: Շատ է ասվել, որ Հայաստանն ունի փոքր ներքին շուկա, բայց արժեքային ստեղծագործական մեծ ներուժ: Առկա է նաև այդ շուկայի յուրացման ներուժն ու հայկական ապրանքների, գաղափարների և մշակույթի նկատմամբ պահանջարկը: Մենք պետք է բավարարենք այդ պահանջարկը և մեր արժեքները ներկայացնենք աշխարհին: Դա նշանակում է ապրանքների, ծառայությունների արտահանման ավելի բարձր մակարդակ, և որ ոչ պակաս կարևոր է՝ մշակույթ: Հայաստանի տնտեսության անկյունաքարը ժողովրդի ստեղծագործականությունն ու տաղանդն է: Դա դրսևորվում է մեր աճող մրցունակության, բարձրորակ ապրանքների և ծառայությունների մեջ: Հայերը հեղինակել են մի շարք նորարարություններ՝ MRI մեքենան, թթվածնի դիմակը, ավտոմատ փոխանցատուփը և շատ ուրիշներ: Կարճ ասած, գերմանացիները ճարտարագետ են, իտալացիները՝ դիզայներ, իսկ հայերը՝ ստեղծագործողներ: Հաշվի առնելով վերը նշված բոլորը՝ մենք մշակել ենք մեր կառավարության գերակայությունները.
- Արդյունաբերություն. կենսատեխնոլոգիա և դեղագործություն
- Գյուղատնտեսություն, վերամշակված սնունդ և խմիչքներ
- Զբոսաշրջություն
- Ենթակառուցվածքներ