Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծիծաղելի չէ՞ խամյակի համար վճարել. ցուցարար (տեսանյութ)

Հասարակություն
animals

 Երևանի քաղաքապետարանի դիմաց Հայկական կինոլոգիական միության անդամները բողոքի ակցիա էին անում ընդդեմ տնային կենդանիների համար տարեկան 5000 դրամ տուրք վճարելու որոշման։ Միության նախագահ Ստեփան Զաքարյանը նշեց, որ  օրենքը թերի է,  նույնիսկ չի սահմանվում, թե որն է ընտանի կենդանի, որը ոչ։ «Օրենքի բացակայություն է, պետք է լինի սկզբից օրենք, դրա կիրառում, որից կբխեն տուգանքները»։  Ակցիայի մասնակիցները նշեցին՝ նույնիսկ տարրական պայմաններ չկան կենդանիներին խնամելու համար, հիմա էլ տուրք են ուզում։ Միության նախագահի տեղակալ Լիանա Ղարիբյանն անհասկանալի համարեց, թե ինչու պետք է  ընտանի բոլոր կենդանիների համար նույն 5000 դրամը վճարել։ «Ծիծաղելի չէ՞ խամյակի համար վճարել։ Ավելի շատ թող մտածեն կենդանիների համար զբոսայգիներ կառուցելու մասին»։  Գևորգյան Հովհաննեսը, ով խնամում է 3 շուն, նշեց, որ պատրաստ է տուրք վճարել, բայց, եթե  պայմաններ ստեղծեն և ասեն, թե ինչի՞ համար պետք է այդ տուրքը վճարվի։ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն էլ շեշտեց՝ տուրքի մասին օրենքը եղել է նաև նախորդ տարիներին։ Ըստ նրա՝ 2011 թ. ընդունված օրենքում տուրքը սահմանվել է  0-ից 5000 դրամ, իսկ 2016 թ. խմբագրմամբ սահմանվել է 5000 դրամ։  «Ըստ էության այս տուրքը արդյունավետ չի գործել դեռ իր ընդունման օրերից ի վեր, առավելևս այս պահին էլ արդյունավետ չի կարող լինել,  որովհետև քննարկվում են նոր մոտեցումներ։ Քաղաքապետը հայտարարել է, որ այլևս կենդանիների սպանդ չի լինելու, նրանք կարող են քնեցվել միայն այն դեպքում, երբ նրանք անբուժելի հիվանդ են կամ անասնաբուժի ռեկոմենդացիայով»։  Ըստ Կարապետյանի՝ տուրքը այս պահին փաստացի չի գործում։