Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կիևում մեկնարկել է Հայկական մշակույթի շաբաթը

Հասարակություն
1-5

Սերգեյ Փարաջանովի 95-ամյակին, Սիլվա Կապուտիկյանի 100-ամյակին եւ Կոմիտասի 150-ամյակին նվիրված միջոցառումներն անց են կացվում Ուկրաինայի մայրաքաղաքում «Հայկական մշակույթի շաբաթի» շրջանակներում: Ինչպես հաղորդում է AnalitikaUA.net-ը, հունվարի 19-ից 25-ը Կիեւում կազմակերպվում են թեմատիկ միջոցառումներ, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացնում մշակույթի, կերպարվեստի, երաժշտության, կինոյի եւ պոեզիայի սիրահարների շրջանում: Կազմակերպիչները նշում են, որ հայ գործիչների ստեղծագործությունները ներկայացված են Օշեր Շվարցմանի անվան եւ Ժողովուրդների բարեկամության գրադարաններում, ինչպես նաեւ Կինոյի տանը: Միջոցառումների ծրագիրը ներառում է համերգներ, ցուցահանդեսներ, վարպետաց դասեր, գրական եւ երաժշտական երեկոներ ու ֆիլմադիտումներ՝ նվիրված հայկական մշակույթի ակնառու գործիչներին: «ԱՕԿՍ-Ուկրաինա» Մշակութային կապերի հայկական միության ղեկավար Ելենա Հովհաննիսյանը հաղորդել է պարբերականին, որ միջոցառումների կազմակերպիչներն են «ԱՕԿՍ-Ուկրաինա» Մշակութային կապերի հայկական միությունը, Parajanov-ART-ը, Կիեւում Պոդոլսկի շրջանի պետական վարչակազմի մշակույթի, զբոսաշրջության եւ մշակութային ժառանգության պահպանման բաժինը, Կիեւի հրեական համայնքի ստեղծագործական նախաձեռնությունների կենտրոնը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ուկրաինայում Հայերի միությունն ակտիվորեն աշխատում է ազգային պատմամշակութային արժեքների ճանաչման ուղղությամբ. կազմակերպության ղեկավար Վիլեն Շատվորյանը նշել է՝ ակնառու հայրենակիցների ստեղծագործությունները շարունակում են ուրախացնել արվեստը գնահատողներին: