«Արյունոտ ձեռնոցներս վերցրեց եւ լաց եղավ». Ինչպես սպանվեց Մովսես Գորգիսյանը (տեսանյութ)

«Անկախության բանակ» ջոկատի զինվոր, Մովսես Գորգիսյանի մարտական ընկեր Արմեն Սիմոնյանը մանրամասներ է ներկայացնում Երասխում 1990 թ. հունվարի 19-ի տեղի ունեցածի մասին։ Նա նշում է, որ Գորգիսյանը զոհվել է առավոտյան ժամը 11-30-ից 12։ 00-ն ընկած ժամանակահատվածում։

«Երբ նկատեցի Մովսես Գորգիսյանին, հագին կանաչ գույնի բաճկոն էր, գրպանում «Ալենկո»  տիպի ռադիոկապն էր, հիշում եմ, որ ավտոմատ ու «Մարգուլին» տիպի ատրճանակ ուներ, դրանք չկային իր մոտ։ Ձեռքերիս սպիտակ ձեռնոցներ կային, երբ ձեռքերս դրեցի Մովսեսի գլխի տակ, անմիջապես ձեռնոցներս արյունոտվեցին, փորձից ելնելով զգացի, որ կենդանության նշան չկար։ Ընկերներիցս՝ Մարտին Ճերմակյանի հետ միասին, ես գլխի հատվածից, նա ոտքերից, սող տալով, գնդակների տարափի տակ  հանեցինք նրա դին դեպի զրահամեքենան»։

 Արմեն Սիմոնյանը հիշեցրեց, որ երբ վերադարձել է Ազգային ինքնորոշում միավորման շենք, այնտեղ է եղել նաև Հակոբջան Թադևոսյանը, ով Մովսես Գորգիսյանի ուսուցիչն էր, նա շատ ծանր է տարել Գորգիսյանի կորուստը։

«Թադևոսյանը արյունոտ ձեռնոցներս վերցրեց, ասաց՝ սա նվիրիր ինձ, դրեց աչքերին ու լաց եղավ։ Ինքը 29 տարեկան էր, երբ նահատակվեց, բայց այդ կարճ ժամանակահատվածում մեծ գործ արեց։ Մեր հայրենիքի անկախության համար մեծ ներդրում է ունեցել», – ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։