Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մովսես Գորգիսյանն այն լուսավոր էջն է, որը մնաց հայ ժողովրդի պատմության մեջ. Ռուզան Գորգիսյան (տեսանյութ)

Հասարակություն
ruzan-nkar

Այսօր Մովսես Գորգիսյանի մահվան 29-րդ տարելիցն էր:  Նրա հարազատներն ու մարտական  ընկերներն իրենց հարգանքի տուրքն էին եկել մատուցելու Ծիծեռնակաբերդ՝ նրա շիրմաքարին ծաղիկներ դնելու ու խունկ վառելու: Մովսես Գորգիսյանը Արցախյան ազատամարտի առաջին մարտիկներից մեկն էր, ինչպես նաև առաջին զոհերից:    Նա զոհվեց  1990 թ․հունվարի 19-ին Երասխի պաշտպանության ժամանակ ։  Կինը՝ Ռուզաննա Գորգիսյանը նշում է.  «Հունվարի 19-ը չարաբաստիկ օր է ինձ համար և հայ ժողովուրդի համար, քանզի թափուր մնաց Մովսես Գորգիսյան ազգային գործչի տեղը: Եվ այդ թափուրն այլևս լրացնել չեղավ: Այսօր ինձ համար միևնույն է՝ ցավալի օր է, քանի որ մարդկային կորուստի օր է, որքան էլ որ հպարտությամբ ասենք մարտիրոսման օր է, այնուամենայինիվ այո մեր սրբերի դասը ավելի մեծացավ, բայց Մովսեսը երկրի վրա դեռ շատ անելիք ուներ: Նրան սիրում, վստահում էին, Մովսեսը  անկեղծ, ազնիվ էր: Մովսես Գորգիսյանն այն լուսավոր էջն է, որը մնաց հայ ժողովրդի պատմության մեջ»: Մովսես Գորգիսյանը 1996 թ. սեպտեմբերի 20-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով արժանացել է Ազգային հերոսի կոչման։  Ըստ Ռուզան Գորգիսյանի՝ Կեցցե այն Հայաստանը, որը վաղն է գալու խոսքերը դեռ արդիական են. «Դա մեր երազանքի ու երազների Հայաստանն է: Այն Հայաստանը, որտեղ յուրաքանչյուր  հայ իրեն և՛ հպարտ կզգա, և՛ ազատ կզգա, և՛ ինքնուրույն կզգա, և՛ բարեկեցիկ կզգա, և մենք որևէ մտավախություն չենք ունեն մեր երկրի անվտանգության համար: Մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է իր ավազահատիկը դնել այդ Հայաստանի համար»:  «Անկախության բանակ» ջոկատի հրամանատար Սարգիս Միքայելյանն էլ նշեց, որ Գորգիսյանը ջահը ձեռքին Պրոմեթեվսն էր,  որն առաջնորդում էր բոլորին: «Նա ազգային ամենահզոր գաղափարախոսն է եղել: Աշոտ Նավասարդյանը արգելեց նրան մտնել մարտի դաշտ, ինքը ուղղակի չենթարկվեց: Ինքը այդպիսի տեսակ էր, ինքը չէր կարող մնալ թիկունքում ու տեսնել, թե ինչպես են իր ընկերները զոհվում, սա էր խնդիրը»,- նշեց նա։  Մովսես Գորգիսյանի համակուրսեցին՝ Սամվել Թադևոսյանն էլ հիշեց իրենց ուսանողական տարիները: Նրա խոսքով, Գորգիսյանը օժտված էր մեծ համարձակությամբ: «Հանդգնության աստիճան համարձակ էր Մոսոն և շատ խորաթափանց: Ես նրան մի անգամ չտեսա նահանջելուց, այդպես էլ գնաց Երասխ, վարքով ու հերոսությամբ ապացուցելու, որ արժե այս հողի համար պայքարել ու նահատակվել»: Մովսես Գորգիսյանն  առաջինն էր, որ 1988 թ. մայիսի 28-ին Ազատության հրապարակում ծածանեց եռագույնը։ Սամվել Թադևոսյանը հիշեցրեց, որ այդ ժամանակաշրջանում նման բան անելը մեղմ ասած թույլատրված չէր, բայց Գորգիսյանը դա արեց: «Մովսեսն առաջինն էր, որ բանտից դուրս եկավ և հաջորդ օրը եռագույնով դուրս եկավ հրապարակ: Շատերն անգամ չգիտեին, ինչ ասել է եռագույն դրոշ»:   Մովսես Գորգիսյանի թոռը՝ Մովսեսը ,  ներկա էր  արարողությանը: Նրա պատկերացմամբ՝ պապը բարի ու լավ մարդ է եղել. «Ինքը հերոս է եղել, անկախացրել է մեր հայրենիքը, ես հպարտանում եմ, որ այդպիսի պապիկ ունեմ»: Երասխի պաշտպանության ժամանակ անհայտ կորել էր կռվին մասնակցած ամենաերիտասարդ զինվորը՝ Վարդան Պապիկյանը, նա դեռ 16 տարեկանն էլ չէր բոլորել: Քույրը՝ Հայկուհի Պապիկյանը նշեց, որ եղբայրը Հայաստանը անկախ էր ուզում տեսնել:  «Եղել է նրա մեջ հայրենասիրություն, և այդ ամենը արթնացավ նրա մեջ շարժման հետ միասին: Միացավ հենց այն գաղափարակից տղաներին, որոնց հենց ինքը երևի  երազել էր, միացավ ընկերներին մենակ չթողնելու համար: Հանուն անկախության գաղափարի»,- ասաց նա։