Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չբացահայտված սպանություն

Քաղաքականություն
7f2712e3465d9314d8ce70694f4e4c93

«Իմ զբաղեցրած դիրքն այսպես է բնութագրվում՝ ես երկու ինքնության և երկու գիտակցության կրող եմ։ Առաջինը՝ թուրքաբնակ եմ, Թուրքիայի հանրապետության քաղաքացի… Երկրորդը՝ հայ եմ։ Բացի այն, որ Թուրքիայի հայ համայնքի մասնիկն եմ, միևնույն ժամանակ էլ բարոյապես հանդիսանում եմ Հայաստանի և հայկական սփյուռքի մասնիկը, ցեղակիցն եմ այդ մարդկանց։Այս ամենով հանդերձ, եթե ոմանք գեթ մի պատճառ ունեն ձգտելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ապա իմ պատճառները առնվազն երկու անգամ ավելի են։ Իմ որ ինքնությամբ ուզում եք՝ ինձ ուսումնասիրե՛ք. ոչ մի տարբերություն»,- իր  «Երկու մոտ ժողովուրդ, երկու հեռու հարևան» գրքում գրել էր պոլսահայ լրագրող, «Ակոս» շաբաթաթերի հիմնադիր ու գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը: Գիրքը հրատարակվել է հետմահու՝ 2008 թվականին թուրքերենով, իսկ 2009 թվականին թարգմանել է հայերեն Մկրտիչ Սոմունջյանը: Դինքը սպանվեց 2007 թվականի հունվարի 19-ին, Ստամբուլի հայաշատ Շիշլի համայնքում գտնվող «Ակոսի» խմբագրատան առջև՝ ետևից գլխին արձակված երեք հրազենային կրակոցներից։ Սպանության հեղինակը 17-ամյա Օգյուն Սամաստին է, որը հեռանալիս գոչել էր «գյավու՛ր», որից ենթադրվում է, որ սպանությունը կատարվել է ազգային հակադրության ընդգծվածության հիման վրա։ Օրերս Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր, Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության անդամ Կարո Փայլանը առաջարկել էր Հրանտ Դինքի սպանության գործն ուսումնասիրող հանձնաժողով հիմնել՝ նշելով, որ Հրանտ Դինքի սպանությունից 12 տարի է անցել, սակայն մինչ օրս այն ամբողջությամբ չի բացահայտվել: Առաջարկը դրվել է քվեարկության, սակայն մերժվել է կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակցության և նրա դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցության քվեներով: